Երբ սեղանին համով բաներ են շարված լինում, բոլորն անհամբեր ուտել են շտապում ու մոռանում, որ համով բաները արժանի են նրան, որ իրենց նաև շատ գեղեցիկ ուտեն, պահպանեն քաղաքավարության և սեղանից ճիշտ օգտվելու կանոնները: Այնպես որ, հանուն աշխարհի ամենահամեղ ուտելիքների, սովորում ենք ճիշտ ուտել և ճիշտ օգտվել սեղանից:

Ամենից առաջ երբեք չի կարելի ուշանալ ճաշի ժամից, հատկապես եթե մայրիկը նախօրոք զգուշացրել է. չէ՞ որ ուտելիքը կսառչի: Եվ հիշիր, շատ կարևոր է ճիշտ ժամանակին ու կանոնավոր սնվել: Փորձիր նախաճաշել, ճաշել ու ընթրել միշտ նույն ժամին և խորհուրդ տուր դա նաև ընտանիքիդ մյուս անդամներին ու ընկերներիդ:

Համեղ ուտելիքներին մոտենալուց առաջ անպայման հարկավոր է մի լավ լվացվել ու կարգի բերել հագուստներդ:

Սեղանի մոտ նստում ենք ուղիղ, չենք կռանում և փորձում ենք ձեռքերը չհենել սեղանին: Եվ ամենակարևորը՝ չենք ճոճվում աթոռի վրա: Շատախոսել կարող ենք նաև ուտելուց հետո, իսկ ուտելիս փորձիր քիչ խոսել և ոչ մի դեպքում չխոսել լիքը բերանով:

Ես կարծում եմ, որ դու նաև բավական մեծ ես, որպեսզի օգտվես ոչ միայն պատառաքաղից, այլև դանակից: Դանակը բռնում են աջ, իսկ պատառաքաղը՝ ձախ ձեռքով: Դանակով կտրատում են այն ամենը, ինչ հնարավոր չէ կտրատել պատառաքաղով: Կտրատել պետք է մի փոքր մասը միայն, ուտել այն և հետո միայն կտրել հաջորդ կտորը, այլ ոչ թե ամեն ինչ միանգամից:

Այն ամենը, ինչ գտնվում է ապուրի մեջ, կտրատում ենք գդալով: Իսկ եթե այնտեղ միս կա, ապա այն պետք է դանակով կտրատել և ուտել ապուրը վերջացնելուց հետո: Իսկ այ դանակը ոչ մի դեպքում չենք տանում բերանը, որովհետև կվնասենք շուրթերն ու լեզուն:

Սեղանին դրված ընդհանուր ամաններից չի կարելի օգտվել անձնական պատառաքաղով, դրա համար առանձին սպասք է նախատեսվում: Այն ամենը, ինչ կարելի է վերցնել առանց ձեռքերը կեղտոտելու և դիպչելու կողքին դրված ուտելիքին, կարելի է վերցնել ձեռքով, օրինակ՝ հացը, թխվածքաբլիթը, մրգերը և այլն:

Ընդհանուր ամանից օգտվելիս չի կարելի երկար տնտղել կտորները և ընտրել ամենալավը, վերցրու այն, ինչ դրված է ծայրում, համոզված եղիր՝ այն նույնպես շատ համեղ կլինի, և դու էլ անքաղաքավարի չես դրսևորի քեզ: Նաև օգտվելիս չմոռանաս, որ չպետք է վերցնել ամեն ինչ, այլ թողնել նաև մյուսներին:

Եվ չմոռանաս, ափսեիդ մեջ ուտելիք թողնել չի կարելի…

Դե իսկ հիմա, եթե մտապահեցիր այս կանոնները, ժամանակն է շտապելու համեղ ուտելիքների մոտ, նրանք վաղուց քեզ են սպասում:

Բարի ախորժակ քեզ …

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել