Այնպես ստացվեց, որ այս շաբաթ մասնակցում էի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) հանրային քննարկումների՝ ընտանեկան բռնությունների մասին օրինագծի վերաբերյալ։ Ծրագրի կոնտեքստում եղա Մարտունիում ու Երևանում, և քննարկումների ժամանակ բավականին հաճախ հիշատակվող թեզերից մեկն այն էր, որ, ո՜նց էլ լինի, երեխայի համար ցանկացած՝ նույնիսկ ամենավատ ընտանիքն ավելի լավ է, քան մանկատունը։

Հիմա կրկին վերադառնում եմ Շաբոյանների ընտանիքի պատմությանը, որի հետ առաջին առնչությունս եղել էր մի քանի ամիս առաջ, երբ համացանցում անտառային հրդեհի պես տարածվեց «168 ժամի» նյութը, որտեղ ընտանիքի հայրը սպառնում էր ինքնահրկիզվել ու վառել իր երեխաներին, եթե իրենց չօգնեն, ու լալահառաչ պատմություն էր, թե ինչ անելանելի պայմաններում էին ապրում Արցախում, որտեղից ստիպված փախել են ու մնացել փողոցում։ Հետո առիթ ունեցա «ըմբոշխնելու» պորտաբուծական մուննաթը նաև «Կիսաբաց լուսամուտների» թողարկումում, որտեղ հյուրերը նրանք էին։

Մանրամասները չվերաշարադրեմ, ուղղակի երկու բառով բնութագրեմ ԻՐԱԿԱՆ պատկերը։ Կա ընտանիք, որտեղ 10-ից ավել անչափահաս երեխաներ կան ու մի քանի չափահաս։ Տարիների ընթացքում ընտանիքը ստացել է թե՛ տուն, թե՛ օգնություն, թե՛ անտոկոս վարկեր։ Ասեմ ավելին՝ ազատագրված տարածքներում ապրելիս գյուղում հատուկ հաստիք են բացած եղել․ ընտանիքի հորը վառելիք ու գումար էին տալիս ամեն ամիս, որպեսզի իր երեխաներին դպրոց հասցներ (դպրոցն իրենց տնից 700+ մետրի վրա էր)։ Այսքանով հանդերձ՝ ընտանիքի հայրը կայուն կերպով մսխել ու փոշիացրել է ողջ օգնությունն ու այն բոլոր միջոցները, որոնք մտել են իրենց տուն։ Վերջում էլ հավաքվել, եկել են Երևան ու, ըստ իս, տուպը ուզում են տուն ստանալ ու բիրիքով նպաստ։ Ու դա այն պարագայում, որ թե՛ ծնողները, թե՛ ավագ երեխաները (չափահասները) միանգամայն աշխատունակ են, չունեն հաշմանդամություն ու ոչ մի այլ խանգարող բան՝ բացի թամբալությունից ու արդեն խորը արմատներ գցած պորտաբուծական հակումներից։

Հիմա վերադառնանք ընտանեկան բռնության ու երեխաների օտարման հարցին։ Բացատրե՛ք նվաստիս, թե ինչով է ավելի վատ, որ գոնե փոքրերին այս պատուհասից օտարեն։ Ես չեմ պնդում, որ մանկատներում դրախտ է ու իդեալական պայմաններ։ Բայց ես, ելնելով այս ընտանիքի դիտարկման ու իրենց հետ շփման անձնական փորձիցս, պնդում եմ, որ եթե երեխաներն օտարվեն, ունենալու ենք մանկատնում մեծացած 10-ից ավելի երեխա, որոնք կարող են ապագայում կայանալ ու լավ մարդ, մասնագետ ու քաղաքացի դառնալ, իսկ եթե չօտարվեն, ապա տարիներ անց ունենալու ենք ևս 10-ից ավելի պորտաբույծ, որոնցից հանրային ոչ մի օգուտ չի լինելու։ Փոխարենն ունենալու ենք հավելյալ բեռ պետության ու հասարակության ուսերին։

Պետք է խոստովանեմ, որ դեռ մի քանի տարի առաջ ինքս էլ բավականին կատեգորիկ էի տրամադրված երեխաների օտարման հարցում, բայց հատկապես այս ընտանիքն ինձ ստիպեց լրիվ նոր հայացքով նայել հարցին։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել