Իրաքյան Քուրդիստանի անկախացման իրողությունը հայաստանյան տեսանկյունից կարող է իր հետ բերել ինչպես նոր հնարավորություններ մեր տարածաշրջանային դիրքերի ամրապնդման և կշռի մեծացման առումով, այնպես էլ քաղաքական, ռազմաքաղաքական նշանակության՝ հիմնականում անուղղակի որոշակի մարտահրավերներ։ Այսօր շատ է խոսվում այն մասին, թե պետք է արդյոք Հայաստանը ճանաչի Իրաքյան Քուրդիստանի անկախությունը՝ որպես հիմք հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ու Արցախի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչման գործընթացի հիմնահարցերը։ Կարծում եմ, ունենալով անուղղակի մասնակցություն Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացին, նման իրավիճակում հայկական կողմի համար այս պահի դրությամբ լավագույն տարբերակը հետագա զարգացումներին հետևելն է։ Իրաքյան Քուրդիստանի անկախությունը կարող են և, ըստ էության, պետք է ճանաչեն այն երկրները, որոնք ունեցել են ուղղակի մասնակցություն այդ անկախացման գործընթացին, կա հստակ, ուղղակի քաղաքական և այլ տեսակի շահագրգռվածություն՝ հարցի հետ կապված։ Նման երկրների շարքից կարելի է առանձնացնել նախևառաջ Իսրայելին։ Ինչ վերաբերում է արցախյան հիմնախնդրի և Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացի համեմատությանը, ապա նշեմ, որ զուգահեռներ, իհարկե, կարելի է անցկացնել այդ վերջիններիս միջև, սակայն քաղաքական, պատմական, հոգևոր-ազգային հարցերի տեսանկյունից մենք գործ ունենք լրիվ տարբեր գործընթացների հետ։ 
Հավելեմ, որ Իրաքյան Քուրդիստանի անկախացման առնչությամբ կա ևս մեկ կարևորագույն խնդիր. այն սահման է գծում անկախացմանը երկու հակադիր՝ դրան կողմնակիցների և հակառակորդների ճամբարների միջև, որտեղ, բնականաբար, Հայաստանի և Ադրբեջանի շահերը նույնպես հակադրվում են։ Հակադրվողների ճամբարում առկա է իրանական գործոնը, որը կարող է օգտագործվել ադրբեջանական կողմից՝ հակասություններ բերելու հայ-իրանական հարաբերություններում, և, ամենայն հավանականությամբ, փորձեր կլինեն այդ ուղղությամբ։ Մեր խնդիրն է հնարավորինս ճկուն գտնվել և փորձել մանևրել տարածաշրջանային վերոնշյալ հակադրությունների համատեքստում։ 
Միևնույն ժամանակ, չպետք է բացառել այնպիսի սցենար, ըստ որի՝ Թուրքիան կամ Իրանն, իրենց ներքին ու արտաքին քաղաքական շահերից ելնելով, համագործակցություն սկսեն նույն Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել