Պատմության մեջ այս օրը՝ 1941թ. սեպտեմբերի 29-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում տեղի ունեցավ ամենասարսափելի հանցագործություններից մեկը: Այդ օրն ուկրաինական Կիևի Բաբի Յար շրջանում սկիզբ դրվեց տեղի հրեաների մասսայական գնդակահարություններին: Այդ շրջանում գերմանո-խորհրդային պատերազմի շրջանակներում գերմանական զորքերը սովետական զորքերի խուճապահար փախուստի հետևանքով կարողացել էին մի քանի ամսվա ընթացքում զգալի տարածքներ գրավել և Կիևը գրավելուց հետո սեպտեմբեր ամսին սկսեցին տեղի հրեական բնակչության ոչնչացման գործողությունները: Հրեա բնակչության շրջանում թռուցիկներ էին բաժանվում, որոնցում մարդկանց կոչ էր արվում սեպտեմբերի 29-ի առավոտյան ներկայանալ Բաբի Յար, որպեսզի իբր թե նոր բնակավայր տեղափոխվեն: Իրականում գերմանական հրամանատարության նպատակը տեղական հրեաների ֆիզիկական ոչնչացումն էր: Բաբի Յարի դեպքերը հրեական հարցին վերջնական լուծում տալու առաջին դրսևորումներից էին: Բաբի Յարում գնդակահարված հրեաների թիվը հասնում էր մի քանի տասնյակ հազարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել