«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից սեփական առաջնորդի՝ շուրջ 46 րոպե տևողությամբ տեսանյութի տարածումը, փաստացի, կառույցի քարոզչական զինանոցում մնացած եզակի գործիքներից է՝ միտված զինյալների, գաղափարակիցների, համակիրների շրջանում հեղինակության վերջնական անկումը հնարավորինս երկարաձգելուն։ Վերջին շրջանում ԻՊ-ի շուրջ ավելի ու ավելի սեղմվող օղակը թույլ է տալիս կանխատեսելու, որ ահաբեկչական կառույցն արդեն կանխատեսելի ապագայում կդադարի գոյություն ունենալ այն տեսքով, որով այն գործում էր անցած երկու և կես տարիների ընթացքում և, մեծ հավանականությամբ, հիմնականում հանդես կգա դասական ահաբեկչական խմբավորումների գործելաոճով՝ դեռևս տևական ժամանակ շարունակելով լրջագույն ահաբեկչական սպառնալիք ներկայացնել միջազգային հանրության համար։

Կասկածից վեր է, որ կառույցի դեմ միայն հաջողված ռազմական պայքարը բավարար չէ նրան վերջնականապես ջախջախելու հարցում։ Ռազմական գործողություններից բացի և դրանից հետո հակաահաբեկչական պայքար իրականացնող միջազգային դերակատարները պետք է շատ ավելի ջանասիրաբար կերպով լծվեն գաղափարական պայքարի՝ արմատախիլ անելով ԻՊ-ի ծայրահեղական գաղափարները, որոնք պարարտ հողի առկայության դեպքում շատ արագ կերպով դարձյալ կարող են միս ու արյուն ստանալ իսլամադավան բնակչություն ունեցող ցանկացած աշխարհագրական տարածում։

Հ․Գ․ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը մշտապես ծառայել է որպես քարոզչական գործիք ինչպես հակաահաբեկչական պայքարի առանցքային մասնակիցների, այնպես էլ կարևորագույն մարտավարական քայլ՝ ԻՊ-ի համար․ ասել է, թե՝ «եզրափակիչ մրցապայքարում» հակամարտ կողմերն արդեն իսկ դիմում են վերջին խաղաքարտերի կիրառմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել