Հնարավոր չէ չհիանալ փոքրիկ երեխաների և նրանց հայրիկների հուզիչ ու գեղեցիկ լուսանկարներով: Էկրանով կամ բեմի վրա հայտնի հայրիկներն ուղղակի հիասքանչ տեսք ունեն, սակայն սիրող հայրիկների կերպարով նրանք առավել քան բնական են: Ներկայացնում ենք հայկական շոու-բիզնեսի հոգատար հայրիկների անսահման հաճելի լուսանկարները:

Դերասան Գոռ Հակոբյանի համար ամենակարևոր տեղում ընտանիքն է՝ կինը՝ Հրանուշը, ում հետ ամուսնացել է երիտասարդ հասակում և 2 որդիները՝ Վարդանն ու Ֆելիքսը։ Ե՛վ արտաքնապես, և՛ բնավորության գծերով որդիները նման են Գոռին: Դերասանը տղաներին չի սահմանափակում, նրանք ակտիվ են ու առանց կոմպլեքսների: Ինչպես հարցազրույցներից մեկում նշել է Գոռը, տղաները երկու հակառակ բևեռներ են. մեկը սարսափելի բարի ու կամեցող է, մյուսը՝ «յախիդնի»:

Ամուսնությունը շատ բան փոխեց Նարեկ Բավեյանի կյանքում: Նա հարցազրույցներից մեկում նշել է, որ ավելի պատասխանատու ու լուրջ դարձավ իր ու ընտանիքի հանդեպ: Սկսեց ճիշտ գնահատական տալ աշխատանքին, շրջապատող մարդկանց, վաստակած գումարին: Սովորեց կյանքում ամեն ինչը ճիշտ բաշխել ու դասավորել: Մարկի համար Նարեկը հոգատար հայր է: Կնոջ հետ հավասար զբաղվում է երեխայի խնամքով ու դաստիարակությամբ: Երգիչը Ինստագրամի իր էջում հաճախ է լուսանկարներ հրապարակում որդու հետ, որտեղ երևում է, որ Նարեկը սիրում է Մարկի հետ լավ ժամանակ անցկացնել:

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը ոչ միայն վաստակավոր արտիստ է, այլև՝ վաստակավոր հայրիկ: Սիրված ու ճանաչված դերասան, բայց, միևնույն ժամանակ, համեստ անձնավորություն, ով գրեթե չի խոսում իր անձնական կյանքի ու ընտանիքի մասին, խոսելու դեպքում էլ՝ առանձնակի քնքշությամբ: Մկոյի համար տունն այն անկյունն է, որտեղ նա լիարժեք հանգստություն է գտնում։ Դերասանը երկու երեխա ունի՝ Ալիկը և Սուսաննան: Իրականում Մկոն խիստ հայր չէ, երեխաների հետ հարաբերություններն ընկերական են: Որդին՝ Ալիկը, կարծես նույն հետաքրքրությունն ունի, ինչ հայրը. նա նկարահանվում է «Նվագախմբի երեխաները» բազմասերիանոց մյուզիքլում:

Երգիչ Գևորգ Մարտիրոսյանին հասարակությունը ճանաչեց «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծից: Նրա բոլոր երգերը, անկախ ժանրից, սիրվում են: Երիտասարդ երգիչն ամուսնացած է ու արդեն երկու երեխաների հայր: Գևորգն անձնական կյանքը հանրայնացնել չի սիրում, հազվադեպ է խոսում ընտանիքի մասին, սակայն սոցցանցերում հրապարկված լուսանկարները փաստում են, որ ունի ամուր ու գեղեցիկ ընտանիք, սիրող ամուսին է ու հոգատար հայր: Ի դեպ՝ երգչի որդին զարմանալիորեն նման է հորը:

Հումորիստ, սցենարիստ, պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանն իրեն համարում է երջանիկ հայր ու ամուսին: Նրա գեղեցիկ ընտանիքը վերջերս համալրվեց. սիրելին՝ Հռիփսիմե Ելինյանը, նրան երկրորդ որդուն պարգևեց՝ Ռոբերտոյին: Գրիգորի ավագ որդին՝ Ալբերտոն, արդեն 7 տարեկան է: Երեխան կարծես թե գնում է հոր հետքերով. նա այս ընթացքում նկարահանվում է «Նվագախմբի երեխաները» բազմասերիանոց մյուզիքլում։ Գրիգորը երազում է նաև աղջիկ ունենալու մասին: Դերասանը մի առիթով ասել է. «Երկուսս էլ դեմ չենք թեկուզ 10 տղա ունենալ, բայց ուզում ենք անպայման աղջիկ էլ ունենալ»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել