Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության և ողնաշարի վիրաբուժության նորաբաց ժամանակակից կենտրոն, որը հիմնադրվել է Հայաստանում դեռևս 2015թ-ից գործունեություն ծավալած «Ուիգմոր Քլինիք» ընկերության կողմից։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության  և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բժշկական կենտրոնը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում գործող «Ուիգմոր Մեդիքալ» ընկերության մեթոդական և ֆինանսական ներդրումների շնորհիվ: Այն տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում՝ պատմամշակութային արժեք ունեցող Պուշկին 56 հասցեում գտնվող հիմնովին վերանորոգված շենքում, որը 1880-ական թվականներից սկսած մշտապես ծառայել է Հայաստանի առողջապահական համակարգին: 

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել «Ուիգմոր Քլինիք» ընկերության նորաբաց բժշկական կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին, հիմնադիրների և բուժանձնակազմի հետ զրուցել հաստատության ընթացիկ գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:

Նախագահին ներկայացվել է, որ ժամանակակից անհրաժեշտ բժշկական բոլոր սարքավորումներով հագեցած «Ուիգմոր Քլինիք»-ը համապատասխանեցվել է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին, հաստատությունում ներդրվել են պացիենտների վարման գործելակարգեր և ուղեցույցներ:

Կենտրոնի հիմնման ծրագրի ընդհանուր արժեքը 4.3 մլն ԱՄՆ դոլար է, որից 3.8 մլն դոլարն արդեն իսկ ներդրվել է: Պատասխանատուների հավաստմամբ՝ մինչև 2017թ-ի ավարտը նախատեսվում է ձեռք բերել ևս 500 հազ. դոլարի բժշկական սարքավորում և գույք՝ կենտրոնի երկրորդ վիրահատարանը կահավորելու համար:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել