Ի՞նչ նպատակով է Լեհաստանը Հայաստանին առաջարկում ռազմական նոր տեխնոլոգիաներ: Կարծում եմ՝ շատ պարզ։

Լեհաստանը, լինելով արևելաեվրոպական ամենահակառուսական աշխարհաքաղաքական կենտրոնը, մշտապես ձգտում է ընդլայնել իր անվտանգությունը և դրա համար աջակցում է այնպիսի ծրագրերի (այդ թվում՝ Արևելյան գործընկերության ծրագրին), որոնք կանխարգելիչ նշանակություն կունենան ռուսական ազդեցության հնարավոր ընդլայնման համար ու զարգացնել գործընթացներ, որոնք աստիճանաբար կնվազեցնեն վերջինի ազդեցության գոտիները:

Այդպիսի ազդեցության ամենակայուն գոտիներից է Հայաստանը, որը, ինչպես Վարշավայում շատ լավ գիտեն, ՌԴ հետ հարաբերություններում ունի ինքնիշխանության խնդիր անվտանգության հետ կապված հարցերի պատճառով: Ընդ որում՝ դա ավելի շատ շանտաժային անվտանգություն է, որը դասական իմաստով նույնիսկ անվտանգության սպառնալիք է և կարիք ունի սեքյուրիթիզացիայի (անվտանգայնացման գործընթաց, երբ ազգը կամ իշխանությունը որոշում են, թե որ խնդիրն է ազգային անվտանգության խնդիր, առանձնացնելով այն զուտ քաղաքական խնդիրներից): Այս վերջինի մասին էլ, հաստատ, լեհերը գիտեն, ու հիմա փորձում են Հայաստանի սեքյուրիթիզացիայի ուղղությունը փոխել նրան տրամադրելով, այսպես կոչված, անվտանգության ինչ-որ այլընտրանք, իսկ ավելի ճիշտ՝ այլընտրանքի գաղափարական ուղղություն և առկա անվտանգային համակարգի ազգային գնահատում: Սրանք կարող են լինել այն գործընթացները, որոնք կարող են ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը, որի շնորհիվ էլ հնարավոր կլինի եվրոպական ուղղությամբ ավելի համարձակ քաղաքական որոշումներ ակնկալել:

Իսկ թե ինչու էր Լեհաստանի փոխարտգործնախարարը, նման նուրբ թեմա բացում, դեռևս ՀՀ իշխանության դիրքորոշումն էլ, ըստ էության, չստացած, մնում է կռահել: Նա գուցե մտավախություն ուներ, որ լիարժեք պատասխան կարող է չստանալ՝ հաշվի առնելով «ռուսներին չդավաճանելու մշտնջենական երդման» կաղապարներով էլիտայի վարքագիծը:
Միգուցե այսպես փորձում էր քաղհասարակությանը իրազեկել և նրա միջոցով որոշակի ճնշումներ ապահովել այս ուղղությամբ գոնե նվազագույն գործընթաց սկսելու համաձայնություն ստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել