«Միացյալ Թագավորությունը ողջունում է կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու Հայաստանի որոշումը։ Ազգային ժողովում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ընթացքում այս մասին ասաց Միացյալ Թագավորության արտաքին  գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Ալան Դանքընը։ «Մենք հպարտ ենք մեր պատմությամբ, պատմություն, որի ընթացքում օժանդակել ենք աշխարհում կայացող ժողովրդավարություններին: Միացյալ թագավորությունը խորապես ողջունում է Հայաստանի որոշումը՝ անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի: Սա շատ-շատ կարևոր քայլ է: Սակայն պետք է իմանալ, որ դա երբեմն երկար և բարդ գործընթաց կարող է լինել»,- ընդգծել է Դանքընը:

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարարը նկատեց, որ իր պետության խորհրդարանական ժողովրդավարության մոդելն ընդօրինակվել է աշխարհի մի շարք երկրների կողմից:

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ խոսեց վերջին տարիներին Հայաստանի արձանագրած հաջողությունների մասին՝ կարևորելով անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: «Ուրախությամբ ուզում եմ նշել, որ այս ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ են արձանագրվել: Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման ձևի, և 2018 թվականին անցման ամբողջական արձանագրումը կլինի: Այս գործում անգնահատելի է Մեծ Բրիտանիայի փորձառությունը»,- նշեց խորհրդարանի փոխխոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել