Թուրքիան և Ադրբեջանը արտոնյալ առևտրային ռեժիմի մասին պայմանագիր կստորագրեն։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։
Նա նշել է, որ Ադրբեջանի հետ տնտեսական կապերի ամրապնդումը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։
Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի խոշոր առևտրային գործընկերը։ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը 2017թ.-ի առաջին ութ ամիսների ընթացքում կազմել է 1,83 միլիարդ դոլար։

Թուրք-ադրրբեջանական ռազմա-քաղաքական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա։ Անկարան ու Բաքուն տարածաշրջանային դաշնակիցներ են, և հաշվի առնելով Թուրքիայի արտաքին քաղաքական պանթուրքական և նեոօսմանական ուղղվածությունը՝ Ադրբեջանը հանդիսանալու է այն հարթակը, որտեղից Թուրքիային տնտեսական, քաղաքական էքսպանսիա է իրականացնելու թյուրքական Կենտրոնական Ասիայում։
Արդեն այժմ Թուրքիան երկաթգծերի, տրանսպորտային այլ միջանցքների օգնությամբ Ադրբեջանի տարածքով դուրս է գալիս Կենտրոնական Ասիա և Կասպյան տարածաշրջան։
Թուրքական կապիտալի ամրապնդումն Ադրբեջանում «մրցակցելու» է ռուսական, իրանական ներդրումների հետ, և Անկարան Ադրբեջանի հետ փաստացի ցանկանում է ստեղծել մեկ միասնական տնտեսական տարածք։

Թուրքիա-Ադրբեջան տնտեսական տանդեմը արտոնյալ առևտրային ռեժիմի սահմանման դեպքում կարող է նպատակ ունենալ այլընտրանք ստեղծելու ԵԱՏՄ-ին, քանի որ Ադրբեջանը չի անդամակցելու ԵԱՏՄ-ին այնքան ժամանակ, քանի դեռ այդ կազմակերպությունում ներկա է ՀՀ-ն։

Թուրքիան իր 80 միլիոնանոց շուկան է բացում Ադրբեջանի առջև, ինչը նոր խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական նախագծերի կյանքի կոչման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել