Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Շնորհակալություն հայտնելով ակտիվ աշխատանքի համար՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Դիտակետ» ծրագիրը զորացրված զինծառայողների և պաշտպանության նախարարության միջև հետադարձ կապի կարևորագույն օղակ է, որն օգնելու է վեր հանել զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները՝ հնարավորություն տալով նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները։

«Չափազանց կարևոր է, որ մեր քաղաքացիները վստահ լինեն, որ պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում խնդիրները, որոնց իրենք հանդիպում են ծառայության ընթացքում, և զգան, որ հնարավորություն ունեն մեզ հետ հետադարձ կապով տալ գնահատական իրենց անցած ուղու»,- նշել է Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է գործընթացի մասին հավաստի տեղեկատվություն տարածելու կարևորությունը՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար։

«Այս ծրագիրը որևէ կապ չունի մոբիլիզացիոն գործունեության կամ լրացուցիչ ծառայության հեռանկարների հետ։ Սա ընդամենը հարցում է, որը միտված է ծառայություն անցած տղաների կարծիքն ամբողջականացնելուն, լիարժեք կարծիք ձևավորելուն, առկա կարծրատիպերի դեմ պայքարելուն, եղած խնդիրները շտկելուն։ Այսինքն՝ որևէ այլ նպատակ այս ծրագիրը չի հետապնդում։

Եվս մեկ անգամ պետք է ասեմ, որ իսպառ բացառված է հնարավորությունը որևէ մեկի պատասխաններն անձի հետ կապելու։ Հետևաբար, ուղղակի առիթն օգտագործելով, պետք է խնդրեմ մեր զորացրված զինծառայողներին լինել հնարավորինս փոխգործակցող այս ծրագրի հետ և տալ լիարժեք տեղեկատվություն՝ առկա խնդիրները բացահայտելու, լուծումներ փնտրելու համար»,-նշել է Վիգեն Սարգսյանը։

Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի ընթացքի հետ կապված մանրամասներն ու նախնական դիտարկումները և վստահեցրել, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։

Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել պաշտպանության նախարարին և ներկայացրել իրենց առաջարկները՝ կապված «Դիտակետ» ծրագրի հետ։ Վիգեն Սարգսյանը, հանդիպմանը ներկա և ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավված զորացրված երկու երիտասարդներին խնդրել է ներկայացնել իրենց կարծիքը «Դիտակետի» վերաբերյալ, ինչին ի պատասխան նախկին զինծառայողները համոզմունք են հայտնել, որ ծրագիրը ևս մեկ, հրաշալի հնարավորություն է՝ զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները վեր հանելու համար։

Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը հաջողություն է մաղթել «Դիտակետի» անձնակազմին և պայմանավորվել ևս մեկ անգամ հանդիպել ծրագրի ավարտին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել