Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբիի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը կարևորել է Իրաքի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և վստահություն հայտնել, որ Երևանում տեղի ունեցած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի երկկողմ կապերի  սերտացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում համագործակցությունը:

«Մենք պետք է մաքսիմալ քայլեր ձեռնարկենք՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճ ապահովելու համար,  քանի որ  դրա համար մեծ ներուժ ունենք»,- նշել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքն ու առևտրային պալատների միջև փոխգործակցության սերտացումը:

Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին Կարեն Կարապետյանին է փոխանցել Իրաքի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ համոզմունք հայտնելով, որ Երևանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի Հայաստանի ու Իրաքի միջև ավելի ամուր և խորը հարաբերությունների ձևավորմանը: Նա ընդգծել է, որ պատրաստ են ամեն ինչ անել՝ նիստի ընթացքում ձեռք բերված  պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, ինչը, նրա խոսքով, թույլ կտա կտրուկ ավելացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները:

«Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ և որակյալ գյուղատնտեսական և այլ ապրանքներ: Իրաքն ունի էելկտրաէներգիայի պակաս, և մենք կարող ենք քննարկել նաև Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման հարցը»,- ասել է միջկառավարական հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահը: Նա կարևորել է նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ու իրաքցի ուսանողների՝ հայաստանյան բուհերում ուսում ստանալու համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցը: Այդ առումով Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին անհրաժեշտ է համարել դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունները:  

Վարչապետ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հնարավորինս արագ կյանքի կկոչվեն՝ ի շահ երկու ժողովուրդների:   



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել