«Սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանի կալանավորումը վերահաստատվել է:
 
Հիշեցնենք, որ դեպքից հետո նրա, Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվել էր սեպտեմբերի 22-ին՝ Կոտայքի մարզում:
 
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետով՝ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մասով, ինչպես նաև ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը, կամ պահելը):
 
Ռաֆիկ Խաչատրյանը մանրամասն ցուցմունք է տվել և հայտնել, որ հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի հետ մոտ հարաբերությունների մեջ է եղել: Մեկ տարի է, ինչ ծանոթացել են. Ռաֆիկ Խաչատրյանը նրանց պարբերաբար տաքսու ծառայություն է մատուցել: Ըստ Ռաֆիկ Խաչատրյանի ցուցմունքների՝ Արմեն Կարադավիդովը պարբերաբար նրան ներշնչել է, որ Վահագն Աբգարյանի (խոսքը դեպքի օրը հրազենային վիրավորում ստացած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագնի մասին է,-հեղ.) սպանությունով վերջ կդրվի շարունակական հանցագործություններին: «Այդ մարդկանց և Վահագնի միջև պարբերաբար վենդետաներ են տեղի ունեցել: Կարադավիդովը պատմել է, որ Վահագն իր ազգականներին և ընկերներին սպանել է. սպանության պատվեր է տվել, Ալավերդին պահում է լարված վիճակում: Նաև հայտնել է նրան, որ նման մտադրություն ունի (սպանության հեղ,-), սակայն նրանց ճանաչելով Ռաֆիկ Խաչատրյանի մոտ համոզմունք էր ձևավորվել, որ նրանք վերջիվերջո չեն կրակելու»,- մանրամասնեց Ռաֆիկ Խաչատրյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
 
Ինչ վերաբերում է ապօրինի զենքին, ապա Ֆարմանյանը նշեց, որ իր պաշտպանյալի մոտ զենք եղել է, բայց ոչ իրական: Ըստ իր պաշտպանյալի ցուցմունքի՝ դեպքից հետո նա այն նետել է Հրազդանի կիրճը: Տեղազննությամբ և որոնողական աշխատանքների արդյունքում, սակայն զենքը դեռ չի հայտնաբերվել: «Նրան ասել են զենք ունե՞ս, ասել է ունի, բայց իսկական չէ, ասել են ոչինչ դու հետդ բեր էնքան, որ քո ձեռքը մի բան լինի»,- հավելեց պաշտպանը:
 
Մեր հարցին ի պատասխան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ դեպքի օրը հայտնաբերված մեքենան վարձակալել է իր պաշտպանյալը՝ Արմեն Կարադավիդովի խնդրանքով: Կարադավիդովը անձնական մեքենա չի ունեցել, այդ իսկ պատճառով էլ հաճախ է մեքենայի խնդիր ունեցել, Ռաֆիկ Խաչատրյանն էլ վարձակալել է: Խաչատրյանն ըստ պաշտպանի՝ ընդունում է, որ երկու անձանց հետ դարանակալել է հյուրանոցի տարածքում, սակայն ինչպես կրկնեց Ֆարմանյանը, մինչև վերջին պահը չի իմացել, որ Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը կրակելու են: «Հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն շուտով մեղադրանքի փոփոխություն կանի: Իմ գնահատմամբ, գործ ունենք իմանալ, չհայտնելու հետ»,- ասաց Ֆարմանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը չի արել արարք, որը միտված կլինի դիտավորությամբ ուրիշի կյանքը զրկելուն՝ առավելևս Գագիկ Մոսինյանին, որին չի էլ ճանաչել: Մոսինյանը հիշեցնենք, սպանվել է այդ օրը:
 
Մեր հարցին, թե մինչ դեպքը ինչո՞վ է զբաղվել իր պաշտպանյալը, Մարինե Ֆարմանյանը պատասխանեց. «Շատ հետաքրքիր զուգադիպությամբ Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել, հետո տաքսի է վարել»: Նա ասաց, որ Ռաֆիկ Խաչատրյանը ամուսնացած է, ունի երկու երեխա, որոնցից մեկը՝ անչափահաս: Մեր հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել նրանց փախուստը, պաշտպանն ասաց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ դեպքից հետո ամեն մեկը պետք է իր ճանապարհով գնար. այդպես էլ եղել է: Նրանք մեքենայով չեն դիմել փախուստի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել