Իրաքյան Քրդստանում հանրաքվեն ընթանում է խաղաղ, մարդիկ մի քանի ժամ առաջ արդեն սկսել են տոնել անկախությունը: Սակայն սա խաղաղություն եմ համարում փոթորիկից առաջ: Ճիշտ է, ամերիկյան ռազմաբազաները, ամերիկյան ուժերի համալրումը վիճահարույց տարածքներում զսպող միջոց են Իրաքի, Իրանի և հատկապես Թուրքիայի համար: Չնայած Քրդստանի մյուս «հարևանը»՝ Սիրիան, նույնպես դեմ է այդ անկախությանը, սակայն նա միայն դեմ կարող է լինել զուտ դիվանագիտական էթիկան պահելու համար: Նախ՝ նրա համար, որ այս պահի դրությամբ նա ընդհանուր սահման չունի Քրդստանի հետ (մի մասը վերահսկվում է ԻՊ-ի զինյալների կողմից, մյուս մասը գտնվում է սիրիական քրդական ինքնավարության՝ Ռոժավայի վերահսկողության տակ, և Ռոժավան իր զորակցությունն է հայտնել Քրդստանին), այնուհետև ոչ մի ռեալ միջոց չունի թե՛ տնտեսապես, թե՛ ռազմապես պատժելու կամ ազդելու Քրդստանի վրա: Իրաքի կենտրոնական իշխանությունը դեմ չէ Քրդստանի անկախացմանը, սակայն դեմ է այսպիսի սահմաններով անկախացմանն ու հենց բուն բանակցությունների թեման այս հարցն էր մինչ երեկ: Թուրքիան թերևս Քրդստանի հարևաններից ամենաանկանխատեսելին Թուրքիան է: Սկսած պաշտոնական հայտարարություններից, վերջացրած գործողություններից՝ կատարում է իրար հակասող քայլեր: Քաղաքական և պաշտոնական հայտարարություններն ավելի շատ նման են շանտաժի ու ահաբեկման, գործողությունները չեն համապատասխանում հայտարարություններին: Մեկ հայտարարում է, որ դադարեցնում է տնտեսական կապերն ու փակում սահմանը, սակայն հետո պարզ է դառնում, որ ոչ միայն սահմանը չի փակել, այլև շարունակում է նավթ գնել Քրդստանից: Թուրքիան թերևս մնում է միակ մեծ վտանգ ներկայացնողը: 
Իրանը թերևս ամենաիրատեսական և կառուցողականն է այս ընդհանուր ֆոնի մեջ: Նա ի սկզբանե հայտարարեց, որ ինքը Իրանի սահմաններից դուրս ոչ մի ռազմական գործողությունների չի մասնակցի, եթե դրանք անմիջական վտանգ չներկայացնեն Իրանի սահմանին: Իրանը պարզապես ասաց, որ չի ընդունում այդ հանրաքվեն և նրա արդյունքները:
Քրդստանի անկախության հանրաքվեն կայացավ, ինչպես որ ես կանխատեսել էի, սակայն մեկ այլ կարևոր իրավական գործընթաց դեռ առջևում է, Քրդստանի իշխանությունը պետք է պաշտոնապես հռչակի Քրդստանի պետության մասին, որպեսզի աշխարհը սկսի ճանաչել կամ չճանաչել այդ պետությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել