Եթե ցածր ինքնագնահատական ունեք կամ ձեր մարմնական թերությունները ձեզ կոմպլեքսավորում են, ապա կարդացեք ամերիկուհու այս պատմությունը։

Երեսունամյա Ֆերին Ռոյը, ով աշխատում է որպես հոգեկան առողջության խորհրդատու, աջ այտի վրա ի ծնե մեծ, սև նշան ունի։ Չնայած մարդկանց տարօրինակ հայացքներին, անշնորհք մեկնաբանություններին և հարցերին ու անգամ դրան դիպչելու խնդրանքներին՝ Ֆերին ասում է, որ երբեք չի ցանկացել թաքցնել իր խալը։

«Ես լիովին ընդունում եմ իմ նշանը և երբեք չեմ փորձել թաքցնել այն ու ոչ էլ պատրաստվում եմ»,- DailyMail-ի հետ զրույցում պատմել է կինը։

Image result for Ferrin Roy

Հասարակության համար իդեալական է այն մաշկը, որը հարթ է, առանց խալերի։ Սակայն Ռոյի համար գեղեցիկի իդեալն այլ է։ «Իմ խալը չեմ քողարկում նաև այն պատճառով, որ մարդիկ տեսնեն ու գնահատեն նաև իրենց յուրահատկությունը»։

Բոլորս էլ ամեն օր տեսնում ենք դիմահարդարման պարագաների մասին շքեղ գովազդներ, որոնք ցույց են տալիս դրանց կախարդական ուժը։ Սակայն Ֆերին ասում է, որ դրանցում կեղծ բան կա։ Իհարկե, նա միշտ էլ հնարավորություն ունեցել է դիմահարդարման պարագաներով քողարկելու կամ էլ վիրահատական միջոցով հեռացնելու խալը, սակայն նա իրեն այդպես է գեղեցիկ համարում և որոշել է ընդունել սեփական բնական գեղեցկությունը։

«Խորհուրդս՝ ուրիշների սիրուն արժանանալու փոխարեն կենտրոնացեք ինքներդ ձեզ սիրելու վրա։ Ընդունեք ձեզ հենց այնպիսին, ինչպիսին կաք, մյուսները, ձեզ ընդունելուց և սիրելուց բացի, այլ տարբերակ չեն ունենա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել