ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Նախարարը շնորհավորել է դեսպանին և հաջողություն մաղթել աշխատանքում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր սերտ քաղաքական կապեր են հաստատվել Հայաստանի և Սիրիայի միջև, և այժմ անհրաժեշտություն կա ուղղելու ջանքերը հայ-սիրիական տնտեսական կապերի ամրապնդմանը։

Նախարարը դեսպանի հետ քննարկել է համատեղ ներդրումների ներգրավման, առևտրի խթանմանն ուղղված հարցեր։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում հնարավոր համագործակցությանը։
Նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ պատրաստ է ջանքերն ուղղել և ամեն կերպ օժանդակել հայ-սիրական տնտեսական համագործակցության ներուժի իրացմանը։

Սուրեն Կարայանը Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ քննարկել է իր հնարավոր առաջիկա այցը Սիրիա` հայ-սիրիական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստն անցկացնելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել