Վաղվանից սկսած՝ Իրաքի Քրդստանի տարածաշրջանի իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով փորձելու են ճեղքել արդեն իսկ մասնակիորեն սկսված ցամաքային և օդային շրջափակումը, որն իրականացվում է Իրաքի կենտրոնական իշխանության, Իրանի և Թուրքիայի ջանքերով:

Ուշագրավ է, որ, ի տարբերություն իրանցի պաշտոնյաների դիվանագիտական էթիկետի սահմանները չխախտող հայտարարությունների, նույնիսկ Թուրքիայի նախագահի կողմից Քրդստանի տարածաշրջանի իշխանության հասցեին հնչեցված ամենախիստ և սպառնալից հայտարարություններից հետո էլ Էրբիլը որպես շրջափակման օղակի ամենախոցելի հատված շարունակում է դիտարկել հատկապես թուրքական ուղղությունը:

Սրանով է պետք պայմանավորել այն հանգամանքը, որ Քրդստանի ինքնավարության վարչապետ Նեճիրվան Բարզանին հենց հանրաքվեի ընթացքում հայտարարում է, որ Թուրքիան տարածաշրջանում Քրդստանից ավելի լավ բարեկամ չունի, և որ Թուրքիայի հետ որոշ խողովակներով շարունակվում են շփումները:

Ակնհայտ է, որ, չնայած իրավիճակային բնույթ կրող ներկա գործակցությանը, մի կողմից Թեհրանի և Բաղդադի, իսկ մյուսից՝ Անկարայի միջև քրդական հիմնախնդրում չկա շահերի լիակատար համընկնում, և այդ համատեքստում Էրբիլը փորձելու է առաջին հերթին միգուցե ոչ դեկլարատիվ, սակայն առանձին համաձայնության գալ Թուրքիայի հետ, թե որքան հաջող, ցույց կտա ապագան:

#Քրդստան #տարածաշրջան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել