Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունն, իհարկե, որոշ քաղաքական գործիչների քաղաքական աղբանոցից վերակենդացրեց, սակայն դա երկար չի տևի, որովհետև ինքը՝ Սեֆիլյանը՝ որպես քաղաքական սուբյեկտ, մի որոշ ժամանակ հետո նույն աղբանոցում է հայտնվելու։ Կրկնում եմ՝ խոսքը Ժիրայր Սեֆիլյան քաղաքական գործչի մասին է, այլ ոչ թե մարդու, ռազմական գործչի։ Իսկ ինչ մնում է անուններին, ապա դրան արձագանքելը նշանակում է հետևյալը. նախ` դու ընդունում ես Սեֆիլյանի քաղաքական նշանակությունն ու ըստ էության՝ կարևորում ու լեգիտիմությամբ օժտում այդ մարդու գործունեությունը, ինչը հուլիսյան դեպքերից հետո չարժանացավ հանրության լայն հատվածների աջակցությանը։ Եթե արժանանար, ուրեմն՝ կհաջողեր։ Կա՛մ հաջողում ես, կա՛մ չես հաջողում։ Այլ տարբերակ այս պարագայում չկա ու չի կարող լինել։ Հետևաբար, պետք է հասկանալ, թե Հայաստանի հույսն ում հետ է կապում Ժիրայր Սեֆիլյանն ու ինչ է ակնկալում նրանցից։ Նա չի հստակեցնում՝ քաղաքական պայքարի ինչ մեթոդաբանություն է ընտրում պայքարի համար, սակայն համազգային անհնազանդության կոչ է անում։ Բյաց այդ ընդվզումը մի անգամ եղել է ու արդյունք չի տվել, հետևաբար ինչո՞ւ է Սեֆիլյանը շարունակում նորից նույն բանը պահանջել այս անգամ արդեն ուրիշի ձեռքերով։ Ինչո՞ւ չի նշվում պայքարի մեթոդը, որպեսզի մարդիկ իմանան իրենց քայլերի հաջորդականությունը և այսպես ափալ-թափալ չարձագանքեին Սեֆիլյանի կոչին։ Ահա սա կոչվում է քաղաքական իմպոտենտություն, որը դատապարտված է անհաջողության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել