ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Ագապե» ՍՊԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Գրեմ Ջոնսոնին և ֆինանսական տնօրեն Քրիստինե Վարդանյանին` վերջիններիս խնդրանքով: Գրեմ Ջոնսոնը տեղեկացնել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի տարածքում նավթի և գազի արդյունահանման հեռանկարով և ներկայացրել իրենց առաջիկա նկատառումները: Ընկերությունը նախատեսել էր ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացնել նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն` սեյսմավիբրատորների օգնությամբ և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ է ներկայացրել համապատասխան հայտեր: ՀՀ Սյունիքի մարզում ուսումնասիրություն իրականացնելու հայտը մերժվել է փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով, իսկ ՀՀ 5-րդ պայմանական տարածքի / ՀՀ Վայոց ձոր/ նախնական գնահատման հայտի վերաբերյալ նշանակվել է հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում, հոկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին:

Հետախուզական աշխատանքների արդյունքում, եթե հաստատվեն նավթի և գազի արդյունաբերական ծավալները, ընկերությունն օրենքով սահմանված կարգով կդիմի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ` բնապահպանական փորձաքննության` արդյունահանում իրականացնելու նպատակով:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է այս փուլում` երկրաբանական ուսումնասիրության գործընթացում, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության հավանականության մասին:

«Ագապե» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացրել է, որ սեյսմահետախուզությամբ ձայնային ալիքներ է ուղարկվում (օգտագործելով տատանում առաջացնող սարքեր, ինչպիսիք են սեյսմավիբրատորները) Երկրի ընդերք, որտեղ երկրակեղևում գտնվող տարբեր շերտերն անդրադարձում են այդ ալիքները: Անդրադարձած ալիքները նախապես որոշված ժամանակահատվածում գրանցվում են հատուկ սեյսմաընդունիչների /գեոֆոնների/ միջոցով` հնարավոր ածխաջրածինների պաշարները որոշելու նպատակով: Հետախուզման համար նախատեսված 4 սեյսմավիբրատորներից 16.5 մետր հեռավորության վրա ձայնային ալիքների ազդեցությունը կարելի է համեմատել մարդու վազքի ազդեցության ուժի հետ, ինչն աննշան ներգործություն կունենա շրջակա միջավայրի վրա: «ԱԳԱՊԵ» ընկերությունն այս փուլում կարող է իրականացնել հեռանկարային տարածքների միայն մակերևութային երկրաքիմիական քարտեզագրման ուսումնասիրություններ:

Նկատելով, որ յուրաքանչյուր պետության համար կարևոր է սեփական նավթի և գազի պաշարների առկայությունը` Արծվիկ Մինասյանը` որպես բնապահպանության ոլորտում լիազոր գերատեսչության ղեկավար, առաջնային է համարել ցանկացած նախաձեռնություն իրականացնելիս բնապահպանական նորմերին անվերապահ հետևելը և շեշտել շրջակա միջավայրի վրա ազդեցության մասնագիտական գնահատման անհրաժեշտությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել