Life.tert.am-ը գրում է.

2017–ը շարունակում է ձեռքբերումների տարի լինել երգիչ Արամեի համար։  Երեկ նա արժանացավ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչման։ Tert.am Life–ի հետ բացառիկ զրույցում երգիչը խոսել է այս կոչման կարևորության, քննադատությունների և վերջին տարիներին այն երիտասարդներին շնորհելու մասին։ 

–Արամե, այս տարի տոնում եք Ձեր գործունեության 10 տարին, որի ամենաթանկ գնահատականը համարել եք Վաստակավոր արտիստի կոչում ստանալը։ Ի՞նչ նշանակություն ուներ Ձեզ համար այս կոչումը։ Սպասվա՞ծ էր։ 

–Չէի սպասում, նույնիսկ մտքեր էլ չունեի այդ մասին։ Երբ զանգահարեցին և ասացին, որ կոնկրետ հագուստով կոնկրետ տեղ պետք է ներկայանամ, փորձում էի գուշակել` ինչ է, գուցե, ճաշկերույթ, հանդիպում կապված Անկախության տոնի հետ։ Արդեն տեղում հասկացա, թե ինչի մասին է խոսքը, քանի որ բոլորը մոտենում էին ու շնորհավորում, որովհետև եթե այնտեղ ես, նշանակում է` ինչ–որ կոչում պետք է ստանաս։

Մեծ հպարտություն և ուրախություն եմ ապրում ընտանիքիս, ընկերներիս, երկրպագուներիս  հետ։ 10 տարի ինձ գիտեն, որպես հայ ազգի երգիչ, որպես Արամե, սակայն սկսած 1993 թվականից նվագել եմ նվագախմբում, երգել եմ, մասնակցել եմ բազմաթիվ համերգների և մրցույթների։ Կարծում եմ, որ կա ճանապարհ, որի համար արժեր ոգևորիչ որևէ բան  ստանալ։ Դա եղավ Վաստակավորի կոչումը, որն ինձ համար  մեծ պատիվ է։

Ես շնորհակալություն եմ հայտնել ոչ միայն մարդկանց, որոնք ինձ շնորհել են այդ կոչումը, այլև իմ հանդիսատեսին։ Նրանք այս տարիների ընթացքում ինձ միայնակ չթողեցին և հասցրեցին այն մակարդակի, որ դառնամ իմ երկրի, իմ ազգի երգիչը, որը պարգևատրվեց բարձր կոչումով։ Ես չեմ թաքցնում, որ շատ ուրախ եմ։ Յուրաքանչյուր մարդ, որն իր բնագավառում պարգևատրվում է, միանշանակ, ուրախանում է։

–Սա պարտավորեցնող կոչում է։ Աշխատանքի, երգացանկի ընտրության հարցերում վերանայումներ կլինե՞ն։ 

–Միանշանակ, պարտավորեցնող է, բայց ես դեռ այդքան խորը չեմ մտածել, թե այս պարտավորությունն ուր կտանի ինձ։ Ես երբեք չեմ դադարել աշխատել։ Իմ ամենաերկար դադարը եղել է մի քանի ամիս։ Ես շարունակելու եմ աշխատել նույն տեմպով։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կփոխվի։ Մարդկային առումով, միանշանակ, ոչինչ չի փոխվի։ Ինչ վերաբերում է երգացանկին` կարծում եմ, պետք է շարժվեմ այն ճանապարհով, որն ընտրել եմ։ Վաստակավորի կոչումից հետո չեմ սկսի նոր բաներ անել։ Իմ երգացանկն ու ճանապարհն ինձ դարձրել են Վաստակավոր արտիստ, նշանակում է` ես ճիշտ ճանապարհին եմ։ Ոչ մի վատ կամ սխալ բան չեմ արել։ Կարծում եմ` նույն կերպ պետք է շարունակեմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել