Yerkir.am-ը գրում է.

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր, լրագրողների հետ զրույցում վերլուծելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթները  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում, նշեց, որ ակնհայտ է, որ երկու կողմերը շատ հակադիր դիրքորոշումներ ունեն և դրանք արտահայտելու առիթը բաց չեն թողնում:

Ըստ նրա` սպասվում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում, ովքեր էլ կպայմանավորվեն արդեն նախագահների հանդիպման մասին: Սակայն, քաղաքագետի կարծիքով, անգամ եթե հանդիպում լինի էլ, սպասելիքներ չկան:

«Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում առանց դիվանագիտական չակերտների էր խոսում: Նա պարզ ասաց, որ Արցախն ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր է, չի կարող ունենալ: Խոսվում էր  մինիմալ զիջումների մասին: Ուստի, ելույթից ելնելով, կարելի է հասկանալ, որ այստեղ պայմանավորվելու բան էլ չկա»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է Ալիևի ելույթին, ապա, նրա կարծիքով, այն ընդամենը նյարդային արձագանք էր ՀՀ նախագահի ելույթին: «Նրա քաղաքական օրակարգը Սերժ Սարգսյանի ելույթին հակադարձելն էր: Իհարկե, երբ վերջանում են փաստարկները, մնում է միայն այդպիսի նյարդային արձագանք տալ»,- ասաց քաղաքագետը, ապա հավելեց. «Ալիևը հիշեց Խոջալուի մասին և, իհարկե, անդրադարձավ ապրիլյան պատերազմում իրենց կորուստներին: Հիմնականում նշում էր` խաղաղ բնակչության հարյուրավոր տներ են կործանվել և այլն»:

Մելիք-Շահնազարյանը նշեց, որ այս անգամ կորուստների մասին խոսելիս Ադրբեջանի նախագահը խուսափել է թվեր նշել: «Եթե առաջ ասում էին` քառօրյայի ժամանակ 30 զոհ են ունեցել ընդամենը, ապա այս վերջին շրջանում տեղեկատվական արտահոսքի պատճառով, երբ խոսեցին 558 զոհերի մասին, Ալիևն այդ մասը շրջանցեց ելույթում»,- ասաց նա:

Անդրադառնալով Ալիևների ընտանիքի հետ կապված հայտնի միջադեպին, երբ նրա ելույթի ժամանակ դուստրը սելֆի էր անում, իսկ կինը գլխով համաձայնության նշաններ ցուցադրում, Մելիք-Շահնազարյանն ասաց. «Ոչ միայն ՄԱԿ-ում ներկա գտնվողների աչքում են նրանք ծաղրուծանակի առարկա դարձել, այլև ամբողջ միջազգային մամուլն է ծաղրել նրանց»:

Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի` Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հայտարարությանը, ապա քաղաքագետը նշեց, որ Սերժ Սարգսյանը Թուրքիային վերջնաժամկետ է ներկայացրել, ինչը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ Թուրքիան իր ազդեցությունը չբարձրացնի Հարավային Կովկասում: «Այդ վերջնաժամկետը նշանակում էր նաև, որ Թուրքիան սխալվում է, եթե մտածում է` երբ ինքը ուզի, այդ ժամանակ կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել