«Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լրագրողների՝ տարածքների վերադարձի շուրջ Ադրբեջանի հետ բանակցության մասին արտգործնախարար Նալբանդյանի հայտարարության վերաբերյալ հարցին ի պատասխան արել է ուշագրավ հայտարարություն: ԶՈւ Գլխավոր շտաբի պետն ասել է, որ ներկայումս անվտանգության պաշտպանական գիծն այնպիսին է, որ ցանկացած փոփոխություն կարող է բերել լուրջ սպառնալիքների: Մովսես Հակոբյանը հայտարարել է նույնիսկ, որ հայկական կողմին անհրաժեշտ են ավելի նոր ու լավ դիրքեր:
 
Տարածքների վերադարձի շուրջ բանակցության մասին հայտարարել էր Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովում պատասխանելով սփյուռքահայերի հարցերին: Նա, իհարկե, ասել էր, որ խոսքը Արցախի այն տարածքների մասին է, որոնք չեն ներկայացնում կարևորություն անվտանգության տեսանկյունից:
 
Արտաքին գործերի նախարարի այս հայտարարությունը, մեղմ ասած, դիվանագիտական-քաղաքական և նույնիսկ ռազմաքաղաքական անհեթեթություն է՝ հաշվի առնելով այն, թե պետությունները ինչպես են թիզ առ թիզ բանակցում յուրաքանչյուր մետր՝ անգամ ոչ միայն հակամարտությունների, այլ ընդամենը սահմանային դեմարկացիայի գործընթացի ժամանակ: Ինչպե՞ս կարող է արտաքին գործերի նախարարը խոսել «անվտանգության տեսանկյունից անկարևոր տարածքի» մասին: Եթե կա այդպիսի գնահատման չափանիշ և այն հնչում է արտաքին գործերի նախարարի շուրթերից, ապա այստեղ արդեն իսկ կա անվտանգության սպառնալիք:
 
Մովսես Հակոբյանի արձագանքը այդ ֆոնին բավականին ուշագրավ է: Փաստացի, ԶՈւ գլխավոր շտաբի պետն անհամաձայնություն է հայտնում արտաքին գործերի նախարարին: Հաշվի առնելով նախարարի հայտարարության բովանդակությունը, հաշվի առնելով ժամանակաշրջանն ու աշխարհաքաղաքական միջավայրը, որում հնչում է այդ հայտարարությունն այդ բովանդակությամբ, ԶՈւ գլխավոր շտաբի պետի արձագանքը պարզապես ապտակ է արտաքին գործերի նախարարին, որքան էլ նրա հայտարարության մեջ ինքնին նոր բան չկա, և Մադրիդյան սկզբունքներ ասվածը Հայաստանն ընդունել է դեռևս 2007 թվականից, իսկ տարածքների վերադարձ ենթադրվում է հենց այդ սկզբունքներով: Այդուհանդերձ, կարծես թե առաջին անգամ է, որ զիված ուժերի բարձր մակարդակով հնչում է այդպիսի շառաչուն պատասխան:
 
Չի բացառվում, որ Մովսես Հակոբյանի այդ հայտարարությունն արտացոլում է Նալբանդյանի հայտարարությունից հետո զինված ուժերում առաջացած լուրջ դժգոհությունն ու վրդովմունքը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել