Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ, նշելով, որ մենք այն երջանիկ սերունդն ենք, որ իր աչքերով տեսավ այդ մեծագույն օրը:

«Ժամանակն ընդհանրապես աշխատում է նրա օգտին, ով արդյունավետ է օգտագործում այդ ժամանակը: Այս ընթացքում արվել է շատ բան, բայց պետք է խոստովանել, որ մենք միշտ չէ, որ առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործել անցած 26 տարիները: Համոզված եմ, որ կարելի էր անել ավելին: Բայց մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ: Այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք», - նշել է Ս.Սարգսյանը։ 

Նրա խոսքով, «պիտի փորձենք hետ բերել բաց թողածը, դա անենք մեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և լավատեսությամբ»:

«Հոռետեսները երբեք որևէ գործ չեն արել ո՛չ մարդկության, ո՛չ իրենց ժողովրդի համար:
Լավատեսությունը իրականությունից կտրված լինելու և փուչ երազանքների մեջ չէ: Լավատեսությունն իրականությունը փոխելու վճռականության մասին է: Մենք ունենք ծրագրեր, նպատակներ և իղձեր, և դրանք կյանքի կոչելը ներկա սերնդի պատմական պարտավորությունն է: Չեմ կասկածում, որ մենք դա անելու ենք։ Ես լավատես եմ: Ես հավատում եմ մարդուն, հավատում եմ մեր ժողովրդի հավաքական ունակությանը, մեր երկրի և ողջ մարդկության ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային», - ասել է ՀՀ նախագահը։

Ս.Սարգսյանը չորս նախադրյալներ համարել է կարևորագույն հիմք վաղվա հաջողությունների.

Այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի օրը, մենք լավատեսորեն արձանագրում ենք հետևյալը.

Առաջին. Հայաստանի ժողովուրդը շարունակում է իր երթը՝ հենվելով իր պատմական, մշակութային ու լայն առումով՝ քաղաքակրթական ժառանգության վրա, շարունակելով հավատարիմ մնալ ազատության և մարդասիրության գաղափարներին:

Երկրորդ. Հայաստանի ժողովուրդը շարունակում է իր երթը՝ ունենալով բարեկամներ, դաշնակիցներ և գործընկերներ:

Երրորդ. Հայաստանի ժողովուրդը շարունակում է աշխատել իր պաշտպանունակության և բարեկեցության բարձրացման ուղղությամբ՝ հստակ գիտակցելով, որ անկախությունը նախ և առաջ ի՛ր պատասխանատվությունն է:

Չորրորդ. Հայաստանի ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է օրինական և ժողովրդավարական ճանապարհով: Նա օրինապահ է ու ազատատենչ և չի հանդուրժելու որևէ իշխանություն, որ ինքը չի ձևավորել:

«Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր, որպես տեղեկատվական հասարակություն՝ զինված առաջադեմ տեխնոլոգիաներով: Աշխարհում այսօր տեղի ունեցող գիտատեխնիկական նոր հեղափոխությունը հայ ժողովրդի դաշնակիցն է: Սա ճակատագրի նվեր է համեստ ռեսուրսներով Հայաստանի համար, և մենք իրավունք չունենք չօգտագործելու պատմական այս հնարավորությունը:

Այն հատվածներում, որտեղ դեռ պատրաստ չենք, պետք է կրթվենք, սովորենք և աճենք, շարժվենք առաջանցիկ տեմպերով: Մեր նպատակը հստակ է՝ տնտեսության և հասարակական կյանքի բոլոր ոլորտները պետք է քայլեն հաջողություն արձանագրած երկրների ճանապարհով:

Սակայն պետք չէ ակնկալել, որ տնտեսության զարգացումն ինքնըստինքյան լուծելու է մեր բոլոր հիմնախնդիրները: Ժամանակակից աշխարհում կտրուկ մեծացել են միգրացիոն հոսքերը: Ես այս հարցին անդրադարձել եմ նաև օրերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ: Այդ հոսքերի պատճառները շատ են և բազմապիսի: Մենք իսկապես ցավագին ենք ընդունում բնակչության արտահոսքի փաստը և ճիշտ ենք անում:

Մեր պարագայում սա ազգային անվտանգության հարց է: Մենք խնդիր ենք դրել Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու, հասցնելու մինչև 4 միլիոնի: Լուրջ միջոցառումներ են նախատեսվում և՛ բնակչության բնական աճն ավելացնելու, և՛ ներգաղթ կազմակերպելու ուղղությամբ:

Համոզված եմ, որ մեր երկրի անկախության հաջորդ քսանվեց տարիներին մենք շարունակելու ենք առաջ շարժվել ավելի մեծ լավատեսությամբ և ինքնավստահությամբ», - ասել է Ս.Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել