ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաաֆարիի հետ:

Արտգործնախարարներն անդրադարձել են հայ-իրաքյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, մտքեր փոխանակել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության սերտացման վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման ուղիները՝ այս համատեքստում կարևորելով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը կգումարվի Երևանում սեպտեմբերի 25-26-ին:

Իրաքի արտգործնախարարն անդրադարձել է Իրաքում առկա իրավիճակին՝ ներկայացնելով ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ երկրի կառավարության և միջազգային հանրության կողմից արձանագրած հաջողությունները:

Իբրահիմ Ալ Ջաաֆարին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Քուրդիստանում ծրագրված հանրաքվեի առնչությամբ Իրաքի կենտրոնական իշխանությունների մոտեցումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել