Մինչ հասարակական-քաղաքական դաշտը Գարո Փայլանի հետ սելֆիներն է վայելում, Հայաստանի ղեկավարը ՄԱԿ ամբիոնից հայտարարում է, որ մենք չենք հրաժարվելու Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքականությունից: Ավելին՝ Հայաստանն այս հարցում առաջիկայում հանդես է գալու level up նախաձեռնությամբ` բայց և ցեղասպանության հարցը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործում չդարձնելով նախապայման:

Եվ մինչ Հայաստանում մամուլը Արամ Վեհափառի ճառն է քննարկում, նախագահ Սարգսյանը համաշխարհային քաղաքականության թիվ մեկ ամբիոնից հայտարարում է, որ «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:

Եթե նախագահի խոսքը դիվանագիտական լեքսիկոնից վերածում ենք սովորականի, ստացվում է, որ նախագահը թուրքերին հստակ ազդակ է հղում՝ կա՛մ հիմա եկեք պայմանավորվենք, կա՛մ հետո ուշ է լինելու, այս արձանագրությունները մեյդան չբերեք: Բանակցելու ենք այլ իրողությունների պայմաններում և պայմանավորվելու ենք այլ խնդիրների մասին: Իսկ որ տարածաշրջանում իրավիճակն ու իրողությունները փոխվում են ոչ Թուրքիայի օգտին, դա արդեն ակնհայտ է: Ընկե՛ր Բարզանի ջան, առաջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել