Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը բավականին հակիրճ, բայց շատ բովանդակային էր։ Անշուշտ, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ ՄԱԿ-ի ամբիոնից նախագահը խոսեց հայ-թուրքակական հարաբերությունների ու ԼՂՀ հարցի վերաբերյալ, այսինքն՝ այն երկու գլխավոր խնդիրների, որոնք հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր կետերը։ Հատկանշական է, որ սովորաբար նմանատիպ ելույթների ժամանակ, հստակ ասելիքից զատ, շատ հաճախ կողմերը փորձում են որոշակի դիվանագիտական տողատակեր արտաբերել, որոնք արդեն խորհրդապահական խողովակներով վերարտադրում են այն երկրները, որոնց ուղղված են այդ հաղորդագրությունները։ Տվյալ դեպքում, օրինակ, կարևոր էր Թուրքիայի օրինակը, երբ Սարգսյանը հստակ նշեց, որ մտադիր չէ սպասել մինչև Թուրքիայի կամքը թամամի, ու իր ուզած ժամանակ սկսի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը։ Խոսքը Ցյուրիխյան արձանագրությունների մասին է։ Այն, որ Հայաստանն իր կողմից արել է հնարավորը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ու առանց նախապայմանների (ներառյալ նաև Հայոց ցեղասպանության հարցը) քննարկել դրանց կարգավորման ուղիները, աներկբա է։ Դա կարող են փաստել նաև թուրքերը, որոնք վերջին պահին հրաժարվեցին վավերացնել այդ արձանագրությունները։ Առհասարակ, Սերժ Սարգսյանը հազվադեպ է խոսում ուլտիմատումի լեզվով և այս անգամ հստակ նշեց՝ մինչև 2018 ապրիլ Հայաստանը կսպասի այդ արձանագրությունների վավերացմանը, իսկ դրանից հետո պարզապես չեղյալ կհայտարարի դրանք, որովհետև չեն կարող անվերջ սպասել ու առաջնորդվել մի կողմի քմահաճույքներով։ Ուլտիմատումի լեզուն շատ հաճախ քաղաքականության մեջ այնքան էլ հեռուն չտանող ճանապարհ է, սակայն այս պարագայում հայ-թուրքական 30-ամյա պատմությունը գալիս է ապացուցելու, որ սրանից ավելին սպասել ու փորձել իմաստ չունի։ Ժամանակն է իրերն իրենց անունով կոչելու, ինչը և արեց նախագահը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել