Yerkir.am-ը գրում է.

Սեպտեմբերի 18-ին Վիեննայում մեկնարկել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ:

Այսօր ելույթ ունենալով համաժողովում՝ ՀՀ պատվիրակության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործմանը, միջուկային զենքի չտարածման պայմանագրի պարտավորությունների պահպանմանը, կարևորել Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման բարձր մակարդակը։ Նախարարը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել  է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված փորձագիտական առաքելությունների արդյունքներին, որոնց համաձայն Հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի հետ երկարատև ու արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Համաժողովի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել