Սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մեկնելու են Բաքու, որպեսզի ներկա գտնվեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին, որը նվիրված է կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը: Առաջին հայացքից մեր պատվիրակության այցը Բաքու կարող է զարմանք առաջացնել, բայց քաղաքականությունը հետաքրքիր է հենց նման «կոմբինացիաներով»:

Հասկանալու համար մեր պատվիրակության որոշումը՝ պետք է դիտարկել այցի դրական և բացասական մի քանի փաստ: Այսպիսով, եթե հայկական կողմը Բաքվում չունենար պատվիրակներ, ապա Ադրբեջանը կարող էր իրեն թույլ տալ հակահայկական քարոզչություն իրականացնել, սուր հարցերի շուրջ սուբյեկտիվ տեսակետներ հայտնել և մնալ առանց պատշաճ պատասխանի: Մյուս կողմից՝ Ադրբեջանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի կողմից տրվել են համապատասխան անվտանգության երաշխիքներ՝ համաժողովի բոլոր մասնակիցների համար, ուստի հայկական պատվիրակության՝ Բաքու չմեկնելու փաստը նրանց կողմից կօգտագործվեր որպես ծրագրային դրույթների ոտնահարում:

Իհարկե, որպես բացասական փաստարկ պետք է հաշվի առնել Բաքվում տիրող ծայրահեղ հակահայկական բարքերը և փաստել, որ մեր պատվիրակներին լարված համաժողով է սպասվում, որի ընթացքում նրանք պետք է պաշտպանեն Հայաստանի և Արցախի պետական շահերը հենց Բաքվում:

Ելնելով վերոգրյալից՝ կարելի է փաստել, որ մեր պատվիրակության` Բաքու մեկնելու որոշումն, ամեն դեպքում, ճիշտ և համարձակ քայլ է, որը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը միայն կողմ է բոլոր հարցերը «սեղանի շուրջ» լուծելու տարբերակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել