Յուրաքանչյուր պատերազմից հետո՝ լինի դա խոշոր, համաշխարհային, թե փոքրամասշտաբ, անպայման հայտնաբերվում են դրան վերաբերող գտածոներ: Հնագետներն ու հնէաբանները զբաղվում են դրանց լուրջ ուսումնասիրմամբ: 

1. Բրիտանական «ուրախ ժամանակ»

Մի ժամանակ Ռամլ քաղաքի շրջակայքում (այժմյան Իսրայել) գոյություն ուներ բրիտանական ճամբար: 1917 թ. անգլիացի զինվորականներն այստեղ են անցկացրել 9 ամիս: 2017 թ. այս վայրում հնէաբանները հայտնաբերեցին կոտրված սպասք և շշեր: Աղբի շուրջ 70%-ը կազմված էր վիսկիի և ջինի դատարկ շշերից: Թվում է՝ մի քանի ամիս անգործության մատնվելուց հետո զինվորականներն իրենց համար զբաղմունք էին գտել:

2. Հազարավոր բանակային շքանշաններ

2014 թ. սիրողական պատմաբան Դեն Մաքքեյը սկսեց ուսումնասիրել Լոնդոնի ստորգետնյա տարածքը և հակահրետանային ատրճանակի հետ միասին գտավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների շուրջ 14 հազար բանակային շքանշաններ՝ պատրաստված չժանգոտվող մետաղից: Դրանց վրա բրիտանացի զինվորների անուններ կային գրված, սակայն դրանք այդպես էլ չէին հանձնվել իրենց տերերին: Ամենայն հավանականությամբ, անհատականացման համակարգի փոփոխություններից հետո դրանք ուղղակի թաղվել են գետնի տակ:

3. Անտառային գոտիներ

Երկրորդ համաշխարհային պատերազմը ամենաշատ ուսումնասիրված հակամարտություններից մեկն է, սակայն միևնույն է, ամեն մի մանրուք չի կարող պարզ դարձած լինել: Եվրոպայում մարտական գործողությունների գոտիներն ուսումնասիրել է Դավիդ Փասմորի խումբը: Հնագետներն անցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների տարածքներով՝ կենտրոնանալով այն գոտիների վրա, որտեղ մարտական թեժ գործողություններ են իրականացվել 1944-1945 թթ.: Խումբը հայտնաբերել է խրամատներ, ռումբերից առաջացած «խառնարաններ»:

4. Գիտական թունելներ

2017 թ. բրիտանացի հնագետները Սոլսբերիի հարթավայրի Լարքհիլ փոքրիկ քաղաքի ռազմական ճամբարի շրջակայքն ուսումնասիրեցին և հայտնաբերեցին ստորգետնյա թունելներ՝ մնացած Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից: Ներսում գտնվեցին ձեռքի նռնակներ (որոնցից մի քանիսը գործածելի էին), պահածոներ և գրաֆիտի: Հարյուրամյակ առաջ թունելային ցանցն օգտագործվում էր արևմտյան դիրքերի զինվորների պատսպարման համար: Ի դեպ՝ պատերին հայտնաբերվել են ավելի քան 100 գրառումներ զինվորների անուններով, որոնք այնտեղ սովորել են մինչև խրամատներ ուղարկվելը:

5. Ինքնաթիռում մնացած օդաչու

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ իր որդու դպրոցական շարադրությունից ոգևորված՝ դանիացի Կլաուս Քրիստիանսենը որոշեց իր ագարակը մանրամասնորեն ուսումնասիրել: Նրա մահացած պապը պնդում էր, որ 1944թ. այստեղ ռազմական ինքնաթիռ է ընկել: Սակայն 40 տարի շարունակ հողը մշակելով՝ Կլաուսը ոչ մի ինքնաթիռ էլ չէր տեսել: 2017 թ. նա և 14-ամյա որդին՝ Դանիելը, մետաղյա դետեկտորով քայլեցին ողջ դաշտում և 4-6 մ խորության վրա հայտնաբերեցին գերմանական Messerschmitt ինքնաթիռ: Բեկորների մեջ գտնվեցին նաև զինամթերք, շարժիչ և մարդկային մարմնի մնացորդներ՝ հագուստի կտորներով և անգամ գումարով՝ դրամապանակի մեջ: Պարզվեց՝ օդաչուն 19-ամյա բավարացի Հանս Վունդերլիխն էր, ով անհայտ կորած է համարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել