Համաձայն հետազոտության, որը հրապարակվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կայքում, 2016 թվականին մոտ 40 մլն մարդ աշխարհում հայտնվել է ժամանակակից ստրկության մեջ։ Ողջ աշխարհում հարկադիր աշխատանքի զոհն է հանդիսանում մոտ 152 մլն երեխա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Աշխատանքի միջազգային կազմակերպությունն այդ հետազոտությունն անցկացրել է Walk Free Foundation-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ։ Հետազոտության տվյալները ներկայացվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։

Հետազոտության տվյալներով՝ ստրկության մեջ պահվող 40 մլն մարդկանցից մոտ 25 միլիոնին ենթարկում են հարկադիր աշխատանքի, ևս 15 միլիոնին բռնությամբ ստիպում են ամուսնանալ։ Անազատության մեջ գտնվող մարդկանց մեծ մասը՝ 29 միլիոնը կամ 71 տոկոսը, կանայք և աղջիկներ են։ Կոմերցիոն սեքս-ինդուստրիայում ճնշող մեծամասնությունը՝ 99 տոկոսը, կանայք են։

Հետազոտությունը վկայում է, որ 5-17 տարեկան մոտ 152 մլն երեխաներ հարկադիր աշխատում են։ Հիմնականում մանկական աշխատուժը գործածվում է գյուղատանտեսական ոլորտում։ Առավել մեծ թվով երեխաներ աշխատում են աֆրիկյան մայրցամաքում։

Կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները չեն կարող իրագործվել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն սկսել ակտիվորեն պայքարել ժամանակակից ստրկության ու մանկական աշխատուժի դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել