Yerkir.am-ը գրում է.

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե «Ելք» դաշինքը չի հրավիրվել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին:

«Ես ստուգել եմ. ամսի 15-ին «Ելք»-ի անունով, անձամբ Նիկոլ Փաշինյանի անունով հրավերն ուղարկվել է: Նույնիսկ ճշտել եմ, որ նրանց`  Արփինե անունով գործավարը վերցրել է այդ հրավերը: Նիկոլ Փաշինյանի անունով հրավերն ուղարկվել է»,- ասաց նա:

Բաղդասարյանը նաև հավելեց, որ թեև հրավերն ուղարկվել է, նրանք չեն մասնակցել համաժողովին:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրենց չեն հրավիրել. «ԵԼՔ դաշինքը չի մասնակցում Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, որովհետեւ՝

1. Դաշինքի կուսակցությունները, ինչպես նաեւ ԱԺ կամ Երեւանի ավագանու խմբակցության անդամները համաժողովին մասնակցելու հրավերներ չեն ստացել, առավելեւս՝ չեն հրավիրվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ Դաշինքի մոտեցումները հայտնելու:

2. Այս եւ մի քանի այլ փաստեր գալիս են վկայելու, որ միջոցառումը միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու:

3. Հիշեցնում ենք, որ ԵԼՔ դաշինքի նախընտրական ծրագրի կարեւորագույն կետերից մեկը Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծումն է՝ կազմված Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներից: Այս ծրագիրը պատրաստ ենք քննարկել Սփյուռքի բոլոր կառույցների հետ եւ ձեռնմուխ լինել համապատասխան սահմանադրական փոփոխությունների փաթեթի նախապատրաստմանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել