Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի շրջանակներում այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերվեցին Վատիկանի գաղտնի արխիվային հազվագյուտ փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Բացառիկ նյութերը հանձնեց ‹‹Ծագումով հայեր›› հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը: Նա նշեց, որ փաստաթղթերը պատմում են 15 թվականի և դրանից առաջ Օսմանյան կայսրության տարածքում կատարված դեպքերի մասին, որոնք դեռևս անհայտ են բոլորին:
«Սրանք արժեքավոր փաստաթղթեր են, որոնք նորովի կբացահայտեն իրականության մութ կողմերը և մասնագետներին հնարավորություն կտան հետազոտություններ կատարելու»:
Փաստաթղթերը ձեռք են բերվել գործարար Արթուր Ասատրյանի ֆինանսավորմամբ ու ջանքերով: Մանանա Հակոբյանի խոսքով՝ փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը երկար է տևել. «Փաստաթղթերը հիմնականում ներառում են պապի կողմից գրված նամակները կարդինալներին: Ես հպարտորեն նշում եմ, որ հայրենանվեր ու ազգանվեր գործ է արվել՝ հանձինս Արթուր Ասատրյանի»:
Ձեռագիր և մեքենագիր նյութերը լատինատառ են, որոնք դեռ պետք է թարգմանել, սակայն թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը վստահ է՝ դրանք մեծապես կօգնեն ցեղասպանության գործընթացի ճանաչմանը. «Պոլսում Վատիկանի դիվանագիտական ներկայացուցիչների գրագրություններն են, որոնք կդառնան առանձին ուսումնասիրության թեմա ու կարևոր տեղ կգտնեն մեր արխիվում»:
Թանգարանին է հանձնվել հսկայական արխիվի մի մասը միայն: Երեք տասնյակից ավելի էջ թվայնացվել է, մնացածի վրա էլ դեռ մասնագետներն աշխատում են, հետազոտություններից հետո դրանք էլ կհանձնվեն: Ընդհանուր առմամբ՝ արխիվը, որ ձեռք է բերվել, էջ առ էջ կազմում է մոտ 34 մետր:
Վերջում «Ծագումով հայեր» հաղորդաշարի մասնակիցներն ու այլ հյուրեր ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև շրջեցին թանգարան-ինստիտուտով:
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի