Ցանկացած մարդու համար էլ կարևոր է կյանքի ընթացքում լավ ժառանգություն թողնել, իսկ այդ ժառանգության մեծագույն մասը նրա երեխաներն են, ում նա մեծացրել է։ Բնականաբար, բոլորն էլ ուզում են լավ երեխաներ ունենալ և ամեն բան անում են այդ երազանքն իրագործելու համար։ Եվ չնայած այդ մասսայական ձգտմանը՝ ոչ բոլորին է հաջողվում երեխաներին դաստիարակել այնպես, ինչպես սկզբում ցանկանում էին։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում Հարվարդի համալսարանի հոգեբանների մշակած 6 խորհուրդներ, որոնք զգալիորեն կհեշտացնեն երեխաներին մեծացնելու այդքան բարդ առաջադրանքը։

Ժամանակ անցկացրեք Ձեր երեխաների հետ


Սա ամեն ինչի հիմքն է։ Դուք պետք է պարբերաբար ժամանակ անցկացնեք Ձեր երեխաների հետ, հետաքրքրվեք նրանց հոբբիներով և խնդիրներով և ամենակարևորը՝ լսեք նրանց ու փորձեք հասկանալ։ Դա անելով՝ դուք ոչ միայն շատ բան կսովորեք Ձեր երեխայի անհատականության մասին, այլև սեփական օրինակով կսովորեցնեք նրանց հոգ տանել շրջապատի մարդկանց մասին։

Միշտ ասեք Ձեր երեխային, թե ինչքան կարևոր է նա Ձեզ համար


Հոգեբանական հետազոտության արդյուքների համաձայն՝ շատ երեխաներ չգիտեն, որ իրենց ծնողների համար մոլորակի ամենակարևոր մարդն են, սակայն բոլոր երեխաներն էլ ունեն դա լսելու և իմանալու կարիքը։ Մի մոռացեք հնարավորինս հաճախ ասել նրանց, որ շատ եք սիրում նրանց. դրանից հետո երեխան իրեն սիրված, պաշտպանված և գնահատված կզգա։

Սովորեցրեք նրանց լուծել խնդիրները, այլ ոչ թե խուսափել դրանցից


Օրինակ, եթե Ձեր երեխան հանկարծակի որոշում է թողնել ֆուտբոլի մարզումները, փորձեք նրանից այդ որոշման հիմնավորումը ստանալ, ինչպես նաև նշեք, որ նա պատասխանատվություն ունի իր թիմակիցների հանդեպ։ Եթե նա, այնուամենայնիվ, ցանկանա թողնել մարզվելը, օգնեք նրան նոր հետաքրքրություն գտնել, որը կրկին կոգեշնչի նրան։

Արեք այնպես, որ ամեն օր որևէ բանով օգնեն Ձեզ, և ցույց տվեք Ձեր շնորհակալությունը օգնության համար


Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր ունակ են շնորհակալ լինելու, ավելի հակված են ուրիշներին կարեկցելուն, ավելի առատաձեռն են և սիրում են օգնել մարդկանց։ Հենց այդ պատճառով էլ դուք պետք է մշակեք տնային գործերի մի ցանկ, որոնք կատարելիս Ձեր երեխան կարող է օգնել Ձեզ և ինչի համար դուք կարող եք օրվա ընթացքում շնորհակալություն հայտնել նրան։

Օգնեք երեխային հաղթահարել բացասական էմոցիաները


Հոգեբանները հավատում են, որ դիմացինին օգնելու ցանկությունն ու ունակությունն անհետանում է զայրույթի, ատելության, ամոթի և նախանձի պես բացասական էմոցիաների ազդեցության ներքո։ Օգնելով Ձեր երեխային հաղթահարել նման էմոցիաները՝ դուք կօգնեք նրան հաղթահարել նաև ներքին կոնֆլիկտները։ Ինքնավերլուծության այս մոտեցումը նրանց կուղղի դեպի կարեկցող և հոգատար մարդ դառնալը։ Բացի այդ՝ այս ամենը կօգնի հոգեբանական ստաբիլության հասնել։

Ցույց տվեք, որ աշխարհը շատ ավելի մեծ, բարդ և հետաքրքիր է, քան նրանք կարող են պատկերացնել


Հեգեբանների անցկացրած հետազոտության համաձայն՝ գրեթե բոլոր երեխաները հետաքրքրված են իրենց ընտանիքից և ընկերներից կազմված փոքրիկ աշխարհով։ Կարևոր է, որ նրանք հետաքրքրվեն նաև իրենց շփման նեղ օղակից դուրս ընկած մարդկանցով և իրադարձություններով, որոնք կարող են տարբերվել իրենց համար սովորական դարձած բաներից։ Սա անելու համար դուք պետք է նրանց լսել սովորեցնեք, ինչպես նաև ցույց տաք, թե ինչպիսին պետք է լինի կարեկցող մարդը։

Եզրափակիչ խոսք Հարվարդի մասնագետներից. «Քաղաքակիրթ, հոգատար և հասկացող երեխա մեծացնելը չափազանց բարդ գործ է, սակայն դա հենց այն է, ինչ մենք բոլորս ունակ և պարտավոր ենք անել։ Եվ աշխարհում ոչ մի բան չի կարող համեմատվել այն գեղեցիկ ապրումների հետ, որոնք դուք կունենաք նպատակին հասնելուց հետո»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել