ՀՅԴ բյուրոյի անդամ, պատգամավոր Արմեն Ռոստամյանը հայտարարում է, որ ՀՅԴ հիմնական խնդիրն արտագաղթի վերացմանը նպաստելն է։ Անշուշտ, գովելի հայտարարություն է, սակայն Ռոստամյանը նաև նշում է, որ միայն Դաշնակցությունը դրա համար բավարար չէ, ու անհրաժեշտ կլինի համախմբել բոլոր հայերի ջանքերը։ Ռոստամյանը նշում է, որ խորքային, համակարգային պատճառներ գոյություն ունեն, ինչի շնորհիվ Հայաստանը գնալով դատարկվում է, և հենց այդ պատճառով է, որ ստեղծվել է խորհրդարանական կառավարում՝ խնդիրները կարգավորելու համար։ Դե ինչ, համոզիչ պատճառներ են։ Սակայն պարոն Ռոստոմյանը մոռանում է, որ, լինելով իշխանության մեջ տարբեր ժամանակահատվածներում, այդպես էլ նրանք չկարողացան իրենց իսկ մատնանշած խնդիրները կարգավորել՝ մե՛կ դուրս գալով, մե՛կ նորից մտնելով կոալիցիա։ Այսինքն՝ ի՞նչ, հանրությունը պետք է անընդհատ սպասի, թե երբ են ի վերջո երկրում մնալու սահմանափակ թվով մարդիկ, որ ՀՅԴ-ն հիշի՞ իր սուրբ պարտքը։ Հանրապետականի մասին մենք չենք խոսում, որովհետև վաղուց համոզվել ենք այս մարդկանց քաղաքական «բեբաշարության մեջ»։ Նրանք ո՛չ կարողանում են լավ կառավարել, ո՛չ էլ կարողանում են արտագաղթի դեմն առնել, նրանք միայն խոսում են։ Սակայն ՀՅԴ-ն, հաշվի առնելով իր հարյուրամյա անցյալը, պիտի որ դասեր քաղած լիներ այս ամենից, սակայն, ինչպես տեսնում ենք, ոչ մի նմանատիպ բան էլ տեղի չի ունեցել, նույն սխալները։ Նեղ անձնական շահի սպասարկումը շատ ավելի գերադրական տեղ է զբաղեցնում մեր քաղաքական էլիտայի մոտ, քան հանրայինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել