Եթե ԵԱՏՄ-ին անդամակցելու օգտին կամ դրանից դուրս գալու դեմ խոսողները որպես փաստարկ օգտագործում են անվտանգության հարցը, այդ փաստարկին իբրև աջակցություն բերում արցախա-ադրբեջանական խնդիրը, իսկ որպես օրինակ նշում Վրաստանի և Ուկրաինայի դեպքերը, ապա դա անուղղակի կամ ակամա խոստովանություն է, որ Ռուսաստանը մեզ համար նաև անվտանգության սպառնալիք է: Ուզեք, թե ոչ, բայց փաստարկման վերոնշյալ կառուցվածքից տրամաբանական այլ եզրահանգում չի կարող լինել:

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է՝ Ռուսաստանն արցախա-ադրբեջանական հարցում մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար լուրջ սպառնալիքներ կստեղծի, այդ գործընթացում չի խոչընդոտի կամ կհրահրի Թուրքիայի ներգրավումը, և մենք Վրաստանի կամ Ուկրաինայի նման կկանգնենք բիֆուրկացիայի կամ տարածքային կորուստների առջև:

Եթե սա անվտանգության դասական սպառնալիք չէ, ապա անվտանգությունը կեղծ կատեգորիա է կամ գործ ունենք «քաղաքականությունը՝ որպես ինտերպրետացիոն երևույթ» հայտնի սկզբունքի հետ (թե ինչպես են ցանկանում այն մեկնաբանել), որը տվյալ դեպքում տրամաբանության հետ աղերս չունի և շատ վտանգավոր է:

Հիմա կողմնորոշվեք, Ռուսաստանն անվտանգության երաշխավո՞ր է, թե՞ սպառնալիք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել