Տարիներ շարունակ, այն է՝ 1991 թվականից, երբ Հայաստանը հռչակել է իր անկախությունը, երկրի իշխանությունները շարունակաբար պայքարել են արտերկրի միջամտությունը Հայաստանի քաղաքականության վրա հնարավորինս քչացնելու համար՝ լինի դա մշակույթի, քաղաքականության, մեդիա դաշտի և այլնի վրա։ Եվ սա ճիշտ է ու այդպես էլ պետք է լինի, որովհետև դրսի միջամտությունը, անկախ իր էթնիկ պատկանելությունից ու հետաքրքրվածությունից, միևնույն է, միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, ու չի բացառվում, որ ինչ-որ պահի այդ շրջանակները սկսեն լայնանալ արդեն ի վնաս Հայաստանի։ Ինչու ենք սա ասում։ ԵԼՔ խմբակցությունն առաջարկում է հետևյալ տարբերակը՝ խորհրդարանում ստեղծել ստորին պալատ, որտեղ սփյուռքի ներկայացուցիչների ներգրավվածությունը կլինի մաքսիմալ շատ։ Դրանով նրանք հնարավորություն կունենան ազդելու Հայաստանում որոշումների կայացման վրա։ Բայց, հարգելի սեղանակիցներ, խնդիրը հետևյալն է. դա նշանակում է, որ մենք սփյուռքի ռեսուրսները ճիշտ չենք օգտագործում, որովհետև, ըստ էության, չենք տարբերակում՝ որն է ճիշտ և որը՝ սխալ այդ մարդկանց հետ աշխատելու հարցում։ Տարիներ շարունակ սփյուռքը դիտվել է որպես յուրատեսակ ոսկու քսակ, որից կարելի է անվերջ փող քամել ու հետո, ժողովրդական լեզվով ասած, քցել։ Սակայն պետք է հասկանալ նաև, որ Հայաստանում քաղաքականությամբ կարող են զբաղվել միայն նրանք, ովքեր պատկերացնում են Հայաստանը, պատկերացնում են Հայաստանն՝ իր բոլոր թերություններով հանդերձ, իսկ դա չի կարող ամեն մեկն անել։ Սփյուռքի շատ հայրենակիցներ այսօր իրականությունից կտրված են, ու Հայաստանը նրանց համար պարզապես պատմական հայրենիք է, հուշ, և կարելի է ասել՝ սիմվոլիկ իրականություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել