Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչների համար գերխնդիրը խաղաղությունն է: Ասում են՝ սոցիալական խնդիրներ գրեթե չունեն, ով աշխատում է, նա ապրում է, կարևորը կրակոցներ չլինեն:

Վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ ուժեղ կրակահերթ եղել է այս տարվա ապրիլին, վերջին երկու ամիսներին այստեղ հարաբերական անդորր է:

Գյուղում մնացած մարդիկ չեն մտածում արտագաղթելու մասին: «Ո՞ւր թողենք գնանք»,- հարցադրում են անում բնակիչները: Թեև իրենց անվտանգության հարցն է դրված նժարին, բայց ասում են, որ ոչ մի տեղ էլ ապահով չէ. «Ռուսաստան գնացողներն ապահո՞վ են ապրում»:

Բաղանիսցիները զբաղվում են այգեգործությամբ ու անասնապահությամբ, ընդ որում անասնապահությամբ զբաղվողները սկսել են մեծացնել անասունների գլխաքանակը: Իսկ պանրի իրացման խնդիր չունեն, քանի որ Նոյեմբերյանի խանութներում այն հեշտությամբ իրացնում են: «Մենք չենք դժգոհում մեր կյանքից, մենակ մեզ հանգիստ թողեն, գիշերները խաղաղ քնենք»,- ասում են գյուղացիները:

Բաղանիսցի երեխաները հակառակորդի կրակած փամփուշտներով խաղում են ու պատմում, թե որ փամփուշտը որ կրակոցի ժամանակ են գտել: Գյուղի բարձրադիր գոտիներից, որտեղ բնակելի տներ կան, ադրբեջանական դիրքերն ընդամենը 800-1200 մետր հեռավորության վրա են:

Գյուղացիներն արդեն ճանաչում են թշնամու բնավորությունը, կարողանում են պաշտպանվել կրակոցներից: Ասում են, որ ադրբեջանական կողմը երբեք միանգամից կրակահերթ չի բացում գյուղերի ուղղությամբ: Սկզբում կրակում են դիրքերի վրա, հետո նոր գյուղերի: Իսկ այդ ընթացքում գյուղացիները հասցնում են իջնել նկուղներ կամ ավելի անվտանգ վայրեր տեղափոխվել: Ոմանք էլ պատուհանները երկաթե պաշտպանիչ շերտով են պատել: Գիշերները փակում են, ասում են՝ դա և կրակոցների ձայնն է խլացնում, և անվտանգ է:

Բաղանիսից տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի, բայց որպես կանոն՝ ընտանիքները չեն տանում: Գյուղացիներն ասում են, որ մտադրություն չունեն լքելու իրենց գյուղը, չեն վախենում դժվարություններից: «Մենակ կրակոցներն են խանգարում, երեխեքը փոքր են, վախենում են: Հենց կրակոցներն սկսվում են, գիշերներն անցկացնում ենք պադվալային հարկերում: Շատ դեպքեր են եղել, որ կրակել են, չենք իմացել երեխեքին դպրոցից ոնց վերցնենք, խառնվել ենք իրար»,- պատմում են մարդիկ:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել