Կառավարության ամեն վեցամսյակի ներկայացրած հաշվետվությունները բավականին ուժեղ թեմա են ընդդիմության համար երկրում կուտակված խնդիրների մասին բարձրաձայնելու տեսանկյունից, սակայն, չգիտես ինչու, ԵԼՔ-ն ինչքան ուժ ունի, փորձում է արհեստական օրակարգ բարձրացնել ԱԺ-ում։ Խոստացված միլիոնավոր դոլարներից և ոչ մեկը այս տարի իրականություն ոչ միայն չի դարձել, այլև չեն էլ երևում այն կետերը, որտեղից կարող են սկսել այդ ներդրումները։ Խոսքը վարչապետի խոստումների մասին է։ Մի՞թե սա քիչ է։ Ավելին՝ պետական հավաքագրումներից ստացվող եկամուտները ներկայացվում են որպես ներդրումներ։ Սա այն դեպքում, երբ տնտեսական գիտելիքներ պետք չեն, պարզապես քիչ, թե շատ քթի ծակ ունեցող մարդը կհասկանա այս ամբողջ ֆարսի սնանկությունը։ Կամ, օրինակ, Հայաստանում գազի կորուստները, որոնք այս տարի մոտավորապես 30 տոկոս են կազմել այն դեպքում, երբ նախորդ տարի 24 տոկոս են կազմել։ Որտեղի՞ց են գոյանում այդ խնդիրները, ինչ մեթոդաբանություն է որդեգրել Գասպրոմը Հայաստանի նկատմամբ, ու նույն վարչապետը, որ հենց Գազպրոմի շրջանակներից է, ինչ է մտածում այս մասին։ Դրա փոխարեն դրել ու քննարկում եք՝ արդյոք ստալինյան ռեպրեսիաները հավասարաչափ էին, թե ոչ, ով է Հայաստանում ստալինապաշտ և ով՝ ոչ... Սա այնքան էլ լուրջ չէ, սիրելի ընկերներ։ Տպավորություն է, որ դուք ԱԺ եք անցել միայն այն բանի համար, որ ուրիշ ընդդիմադիր ուժ այլևս չի եղել, ու ուզած-չուզած՝ ձեզ տարել են ԱԺ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել