Tert.amLife-ը գրում է.
Հայ մայրերին նվիրված բազմաթիվ երգերի կողքին Անդրեն երգ է ներկայացնում նվիրված հայրերին։ «Պապ ջան» կոչվող երգի երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը, երգի գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է։ Տեսահոլովակում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանն ու Նարինե Գրիգորյանը։ Պրոդյուսինգով զբաղվել է քույրն ու պրոդյուսերը՝ Անուշ Հովնանյանը:
 
Երգչի խոսքով` տեսահոլովակը փոքրիկ ֆիլմ է հիշեցնում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ տեսահոլովակի սյուժետային գիծը բացահայտել չի ցանկանում. «Կարծում  եմ՝ ավելի ազդեցիկ կլինի այն տեսնել ու զգալ հենց պրեմիերայի ժամանակ: Շատ շուտով այն հասանելի կլինի հանդիսատեսին»:
 
Տեսահոլովակում նկարահանվել է Անդրեի զարմուհին` Վիկտորյան, որի նկատմամբ երգիչն  առանձնահատուկ վերաբերմունք ունի։ Նրա փոխանցմամբ` նկարահանման հրապարակում Վիկտորյան իրեն պահել է որպես իսկական պրոֆեսիոնալ: «Նա շատ խելոք էր, ուշադիր լսում էր ռեժիսորի հրահանգներն ու փորձում ճշգրտորեն կատարել դրանք: Կարծում եմ՝ ռեժիսորն էլ կփաստի, որ նրա հետ աշխատելը շատ հեշտ էր: Սկզբում մի փոքր կաշկանդվում էր իր էկրանային հայրիկից՝ սիրված դերասան Շանթ Հովհաննիսյանից, սակայն դա շատ կարճ տևեց, մերվեց դերասանական ամբողջ կազմի հետ: Այնքան էր հավանել նկարահանումները, որ ավարտից հետո էլ ասում էր` ուզում եմ գնալ գործի:)»,– պատմեց երգիչը։
 
 
Հայրերին նվիրված երգ ունենալու գաղափարը Անդրեի մոտ հենց այնպես չի առաջացել։ Արցախյան պատերազմի միջով անցած իր հայրիկի օրինակով Անդրեն երգը նվիրում է բոլոր հայ հայրերին։
 
«Հայրս ինձ համար միշտ է օրինակ եղել: Մինչև օրս նա ինձ համար օրինակ է ու իմ անձի կայացման հարցում մեծ ներդրում ունի։ Նրա խորհուրդների, երբեմն, խիստ նկատողությունների շնորհիվ ես հետ եմ կանգնել սխալ ուղիներից: Նա միշտ խիստ է եղել մեր հանդեպ, միևնույն ժամանակ, թե՛ ինձ, թե՛ Անուշի համար եղել է ոչ միայն հայր, այլև ընկեր ու լավագույն խորհրդատու: Նա, իր հայրենասիրական քայլով, մեր մեջ սերմանեց սիրել երկիրը, պայքարել մեր հողատարածքի, ընտանիքի ու սիրելիների համար: Երբ նա մասնակցում էր Արցախյան պատերազմին, իմ մեջ տարատեսակ զգացումներ էին ծնվել՝ անհանգստություն, վախ, միևնույն ժամանակ, խիզախություն ու հպարտություն»,– հիշեց Անդրեն։
 
«Պապ ջան»–ի ստեղծման հիմքում հատուկ իրադարձություն չկա։ Երգիչը նկատեց, որ  ծնողին երգ նվիրելու համար հատուկ առիթ պետք չէ. «Այն, որ նրանք մեզ կյանք են տվել, արդեն հատուկ առիթ է, որպեսզի մենք էլ նրանց երախտապարտ լինենք տարբեր ճանապարհներով»:
 
Այս երգն Անդրեի միակ նոր աշխատանքը չէ։ Երգիչը ևս 2 նոր տեսահոլովակ ունի, սակայն չգիտի, թե երբ դրանք կներկայացնի հանդիսատեսի դատին։ «Երեք աշխատանքս կներկայացնեմ որոշակի հերթականությամբ: Այնպես որ, հանդիսատեսն ինձ կարոտելու առիթ չի ունենա»,– նշեց երգիչը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել