Ինչպես գիտենք, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորները պաշտոնապես շրջանառության մեջ են դրել ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու իրենց առաջարկը: Ըստ ԵԼՔ դաշինքի՝ ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, քանի որ դա խանգարում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Իհարկե, ցանկացած քաղաքական ուժ կարող է հանդես գալ նման նախաձեռնությամբ, բայց այս գործընթացը անհասկանալի է մի քանի պատճառով: Նախ՝ Հայաստանը այս տարիներին վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և անգամ ԵԱՏՄ-ին միանալուց հետո չի սառեցրել բանակցություններն այլ տեսակի համագործակցությունների համար: Երկրորդ՝ պետք է հիշել, որ Արևելյան գործընկերության գալիք գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Ինչ վերաբերում է ԵԼՔ-ի մատնանշած մեկ այլ խնդրի, ըստ որի՝ ԵԱՏՄ-ն որպես տնտեսական հարթակ անարդյունավետ է, ապա այստեղ պետք է նշել, որ 170 միլիոնանոց շուկայում ՀՀ-ն իրեն չի հասցրել դրսևորել լավագույնս և պետք է փորձել առավել արդյունավետ օգտագործել մեր ունեցած հնարավորությունները:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարելի է ենթադրել, որ կա՛մ ԵԼՔ-ում ինչ-որ բան նախաձեռնելիս շրջակա միջավայրում տեղի ունեցող իրադարձությունները հաշվի չեն առնում, կա՛մ այս նախաձեռնությունը կեղծ օրակարգ է դաշինքի կողմից, որի նպատակն է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել