Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ստորագրել է Իրանի նկատմամբ չեղարկված պատժամիջոցները 120 օրով երկարացնելու մասին ԱՄՆ կառավարության որոշումը. այսինքն՝ ըստ Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված միջուկային համաձայնության՝ Միացյալ Նահանգների նախագահը ֆինանսաբանկային ոլորտին առնչվող պատժամիջոցները, որոնք միջուկային համաձայնությամբ չեղարկվել են, կարող է 120 կամ 180 օրով հետո երկարացնել կամ դրանք կրկին սահմանել: 
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներն իրանական որոշ ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանել՝ Թեհրանին մեղադրելով միջուկային համաձայնության էությունը խեղաթյուրելու մեջ:
Անկախ Թրամփի սույն որոշումից՝ Միացյալ Նահանգները, վերջին ամիսներին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելով, հետևողականորեն փորձում է փոխել միջուկային համաձայնության կատարման ընթացքը:
Սակայն Եվրամիությունը, հակառակ Վաշինգտոնի քաղաքականությանը, ամեն դեպքում փորձում է օգտվել միջուկային համաձայնության ընձեռած հնարավորությունից, և օրերս իրանական «Իրանխոդռո» և աշխարհահռչակ գերմանակ Mersedes Benz ընկերության միջև պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի՝ պետք է համատեղ ձեռնարկություն ստեղծվի։ Փաստացի, Mersedes Benz-ը պաշտոնապես մուտք է գործում իրանական շուկա:
Նմանատիպ գործարքներն աստիճանաբար Եվրամիության ազդեցությունն ավելի են մեծացնում Իրանում, դա, բնականաբար, չի կարող չմտահոգել Վաշինգտոնին, ուստի Թրամփի նոր որոշումն, ըստ ամենայնի, կապված է նաև այդ հանգամանքի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել