ԵԱՏՄ-ից դուրս գալու շուրջ ծավալվող քննարկումները, որոնք փորձում է սկսել ԵԼՔ-ը, իրականում կարող են ավելի դրական միտումներ մտցնել Հայաստանի քաղաքական դաշտում։ Չմոռանանք, սրանք, ի վերջո, միայն քննարկումներ են ու դժվար ԱԺ-ում քվեարկության դնելիս միս ու արյուն ստանան։ Սակայն հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու այս գործընթացի մասին, ընդ որում՝ շատ ավելի, քան հիմա է տեղեկացված։ Եթե անկեղծ լինենք, մեր հասարակական գիտակցությունը, որպես ժողովուրդ, դեռևս չի գտնվում այն մակարդակի վրա, որ պետական կարևոր հարցերը կարողանանք հստակ հասկանալ ու ընտրություն անել։ Քանի դեռ ընտրությունը մեր փոխարեն անում է քաղաքական իշխանությունը, լինելու է կրթական, մշակութային, քաղաքական գիտակցության հստակ պակաս, որովհետև դրա առկայության պարագայում հանրությունը չէր կարող թույլ տալ նույն Սերժ Սարգսյանին մեկ օրում կայացնել հայտնի վճիռը՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ։ Այնպես որ, այս քննարկումները կօգնեն, ու պետք է օգնեն մարդկանց ճիշտ հասկանալ ու ըմբռնել, թե ինչպիսի վիճակում է գտնվում Հայաստանը, ինչպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, ու ինչ է սպասվում նրան։ Սա չի վերաբերում միայն ԵԼՔ-ին, սա վերաբերում է բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր նախևառաջ գտնվում են Պառլամենտում։ Թող ՀՀԿ-ն իր հերթին ապացուցի, որ ԵԱՏՄ-ին այլընտրանք չկա, քննարկումներ, դեբատներ ծավալի։ Թող Ծառուկյան դաշինքը դիրքորոշում հայտնի այս ուղղությամբ, բայց հավաքական դիրքորոշում, այլ ոչ ցաքուցրիվ, ինչպես վայել է այդ կուսակցության անդամներին։ Եվ գուցե օրերից մի օր մեր ժողովուրդն իսկապես քաղաքացիական այնպիսի գիտակցություն ունենա, որ արդեն ինքը որոշի, թե որ միության մեջ է ուզում լինել, ոչ թե իր փոխարեն քաղաքական իշխանությունը դա անի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել