«Հայաստանում անպատժելիության մթնոլորտը գնալով ավելի է խորանում, և զենքով հարցեր լուծելու, վրեժխնդրության դրսևորումները դարձել են սովորական: Ընդ որում, տարբեր քրեական հեղինակությունների միջև զինված մարտերն ընթանում են անարգել՝ Հայաստանի քաղաքներում, անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում: Երեկ՝ օրը ցերեկով, Երևանում՝ Վերնիսաժի տարածքում, ՀՀ-ում Լեհաստանի և Ճապոնիայի դեսպանատների, իշխող ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գրասենյակների հարևանությամբ, կրակում էին: 

Վիրավորներից մեկը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի թիմից է: Ինչպես հայտնի է՝ Ալավերդի քաղաքում գործում է թշնամի երկու հանցավոր խմբավորում: Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը: 

2015-ի սեպտեմբերին՝ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին: Հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո «ռազբորկաներից» մեկի ժամանակ Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը Վահագնի խմբի երկու տղաներին՝ Էդվարդ Պողոսյանին և Վարդան Ավագյանին, սպանեց: Վահագնի խմբի անդամ Վալերի Դավթյանն էլ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին: Եվ ահա երեկ կրակեցին Վահագնի ուղղությամբ, բայց սպանվեց թիկնապահը: 

Ու կարելի է ասել, որ կրիմինալը երեկ հերթական ապտակը հասցրեց իրավապահ համակարգին՝ ցույց տալով, որ ինքն է իրադրության տերը: Իհարկե, նրանց այս անարգել խրախճանքը պատահական չէ. նույն քրեական տարրերն ընտրություններին աշխատում են իշխանությունների համար, և որպես փոխհատուցում արտոնություններ ստանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել