«168 ժամ»-ն իր այսօրվա առաջնորդողում գրել է. «Երեկ` ապրիլի 9-ին հաջորդած առաջին օրը` Հայաստանում մի տեսակ դատարկություն էր: Այնպիսի տպավորություն էր, որ կյանքը, գոնե քաղաքական կյանքը կանգ է առել: Ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների հիմնական մասնակիցները` բացառությամբ «Ժառանգության» մեկ-երկու անդամների, կարծես ընդհատակ էին անցել: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հասարակությունը փետրվարի 18-ից հետո լսում էր բառացիորեն ամեն օր, երեկ լուռ էր: Ոչ միայն լուռ էր, այլև անգամ ստույգ հայտնի չէր նրա գտնվելու վայրը: Հատկապես, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին հայտարարել էր, թե մեկնելու է Մոսկվա` «Պուտինի հետ խոսելու»: Այս իրավիճակից, իհարկե, հրճվողներ կան: Այդպիսիք շատ են ինչպես իշխանական դաշտում, այնպես էլ` իրենց ընդդիմադիր համարողների շրջանում: Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանն, իհարկե, մեծ հաշվով, պարտվեց: Պարտվեց` չկարողանալով առաջնորդել բազմահազար քաղաքացիներին: Բայց դա նաև հասարակության պարտությունն էր, հասարակության առնվազն այն հատվածի, որը դժգոհ է իշխանությունից, որը չի ընդունում այս իշխանությանն ու նրա վարած քաղաքականությունը, և որն, ի դեմս Րաֆֆու, այս իրականությունը փոխելու հնարավորություն էր տեսնում: Հասարակության այդ հատվածն էլ ավելի է հիասթափվելու երկրում ինչ-որ բան փոխելու հնարավորությունից, որոշ մասը արտագաղթելու է: Եվ ճակատագրի հեգնանքով վերջին քսան տարիներին հայրենադարձության խորհրդանիշ դարձած Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործունեությամբ, ավելի շատ` անգործությամբ դառնալու է Հայաստանից արտագաղթի հերթական ալիքը խթանողներից մեկը»:

«168 ժամ»
Maxinfo.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել