ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանը երբեմն մանկապարտեզ է հիշեցնում։ Տարօրինակ է, սակայն ինչքան էլ որ ցավալի լինի, այդ մանկապարտեզի, այսպես ասած, «վարիչներն» ավելի շատ գտնվում են ընդդիմադիր թևում, քան իշխանական։ Իշխանականը, դե, պարզ է, իրենց իշխանությունը պահելու համար ինչի ասես, որ ընդունակ չեն, ընդ որում՝ քանի գնում, այդ մեթոդներն ավելի են մեղմանում։ Չկա ուժեղ ընդդիմություն, և բարեհաջող վերադասավորվելու դեպքում կարելի է առաջիկա հինգ տարիները հանգիստ ապրել։ Զորօրինակ՝ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցը գալիս է ապացուցելու հենց այս թեզը։ Մարուքյանը վարչապետին հարցնում է, թե ինչու չի գնում Արևմուտք, միգուցե հրավե՞ր չի լինում, կամ հրավիրում են, մերժո՞ւմ է վարչապետը։ Սա, կներեք, ավելի շատ հիշեցնում է հայտնի «Միմինո» ֆիլմից մի հատված, երբ Մհեր Մկրտչյանը, դեռ նոր ծանոթացած Վախթանգ Կիկաբիձեի հետ, նրան հարցնում է. «Вы почему кефир не кушаете? Что, не любите?»։ Այսինքն՝ վարչապետի համար արտաքին աշխարհի հետ հարաբերվելը նախասիրությունների խնդիր է, ի՞նչ է։ Կա պետական շահ, և ճիշտ է նշում Կարապետյանը՝ կլինի հրավեր, կգնա։ Եվ առհասարակ, այսօր շատերը նրան քննադատում են արհեստական օրակարգ ձևավորվելու ու իրականում սին հայտարարություններ անելու մեջ։ Դե, պատկերացրեք, որ այս համատեքստում Կարեն Կարապետյանը մի հատ էլ վերցներ ու գնար, ասենք, Վիեննա՝ հանդիպելու տեղի հայ համայնքին ու մի երկու ֆերմեր ավստրիացու, որոնք, բանից բեխաբար, պատրաստ կլինեին, ասենք, Հայաստանում ներդրումներ անելու, որը հետագայում միգուցե և չստացվեր, երբ վերոնշյալ ավստրիացին լիովին տեղեկատվություն ստանար Հայաստանի մասին ու նրա խնդիրների։ Այլ կերպ ասած՝ ինչո՞ւ են ընդդիմադիրները դրդում իշխանության ներկայացուցիչներին մշակելու արհեստական օրակարգ։ Մի՞թե գործող օրակարգը քիչ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել