Armenpress.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է 2017 թվականի ֆիսկալ տարվա թափանցիկության զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանը զեկույցում ներառվել է որպես ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջներին բավարարող երկիր: 

Պետդեպի կողմից հրապարակված զեկույցում որպես նվազագույն պահանջներ են ներկայացված պետական բյուջեի թղթաբանությունը և բնական պաշարների արդյունահանման մասին կառավարության պայմանագրերն ու լիցենզիաները: Այսինքն, 2017 թվականի ֆիսկալ թափանցիկության ուսումնասիրության գործընթացը պահանջում է հասկանալ՝ արդյոք նշված կառավարությունները հրապարակայնորեն ի ցույց են դնում առանցքային բյուջետային փաստաթղթերը: 

Բացի այդ, գործընթացը ենթադրում է հստակեցնել՝ կառավարությունն արդյոք ունի անկախ գերագույն աուդիտային կազմակերպություն, որը ստուգում է կառավարության տարեկան ֆինանսական հաշվետվությունները և արդյոք այդ աուդիտների արդյունքները հասանելի են դառնում հանրությանը: 

Զեկույցում գնահատական է տրվում նաև նրան, թե արդյոք բնական պաշարների արդյունահանման համար տրամադրվող լիցենզիաները ու պայմանագրերը ամրագրված են օրենքով և կիրառվում են գործնականում: 

Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը ներառված է այն երկրների շարքում, որոնք չեն ապահովել ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները: Պետդեպը նաև արձանագրել է, որ այդ երկիրը ֆիսկալ թափանցիկության ապահովման հարցում որևէ առաջընթաց չի գրանցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել