Yerkir.am-ը գրում է.

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց ԵՏՄ-ի վերաբերյալ: Նա նշեց, որ երեք տարի առաջ, երբ խոսվում էր ԵՏՄ-ին անդամակցելու մասին, որպես հիմնավորում էր բերվում անվտանգության պահպանման հարցը: Պատգամավորը հարցրեց, թե որքանո՞վ է Հայաստանի անվտանգությունը կապված ԵՏՄ-ի հետ: Պատգամավորը հարցրեց նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող հարձակողական զենքի մասին, ասելով, որ Ռուսաստանն իր  բիզնես շահը ավելի վեր է դասում, քան իր ռազմավարական դաշնակից և ԵՏՄ անդամ Հայաստանի անվտանգությունը:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, շեշտելով, որ ԵՏՄ-ն ամբողջովին հանդիսանում է որպես տնտեսական կառույց, այլ ոչ՝ քաղաքական կամ ռազմաքաղական կառույց:

«ԵՏՄ-ին անդամակցելը պայմանավորված է ամբողջովին տնտեսական հարաբերություններով, քանի որ այլ ֆորմատներում, մասնավորապես ՀԱՊԿ-ում և այլ ձևաչափերում քննարկվում են նաև այլ հարցեր, այդ թվում՝ ռազմաքաղաքական: ԵՏՄ-ն ունի տնտեսական օրակարգ, և դրա շրջանակներում ռազմական բաղադրիչ չի քննարկվում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

Գևորգ Գորգիսյանը հարցրեց, թե եթե ռազմաքաղաքական բաղադրիչ չկա ԵՏՄ-ին անդամակցելու հարցում, ուրեմն ինչո՞ւ 3 տարի առաջ ԵՏՄ-ին անդամակցելու հիմնավորումներում բերվում էր անվտանգության հարցը:

Վաչե Գաբրիելյանը հավաստիացրեց, որ գուցե այլ պատգամավորների կողմից են հնչել նման ելույթներ, սակայն գործադիրը ներկայացնողները, հարցը զեկուցողները երբեք չեն խոսել ԵՏՄ-ին անդամակցելու ռազմաքաղաքական որևէ բաղադրիչի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել