Ժամեր անց հայտնի կդառնա «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի հաղթողի անունը, որի հավակնորդներն այս պահին երկուսն են՝ Ուզբեկստանի ներկայացուցիչն ու Հայաստանը ներկայացնող արցախցի Էռնա Միրը (նրանք ունեն հավասար միավորներ): Հայաստանն այս տարի միանգամից երկու երգչուհի են ներկայացնում՝ Էռնա Միրը և Սյուզաննա Մելքոնյանը:

Մրցույթի վերջին՝ հեղինակային երգի անվանակարգում, մեր երգչուհիները ներկայացնելու են երգեր, որոնք գրված են իրենց համար ու առաջին անգամ մեծ բեմի վրա հենց այսօր են հնչելու։ BlogNews.am-ի հետ զրույցում Էռնան պատմել է իր երգի մասին. «Երրորդ օրը պետք է այնպիսի թեթև, գրավիչ երգ կատարել, որը կզբաղեցնի, կգրավի հանդիսատեսին ու պարելու ցանկություն կառաջացնի: Ներկայացնելու եմ նոր՝  «In Love» երգը, որի հեղինակներն են «Արցախի ձայները» ներկայացնող Արտեմ Վալտերն ու Սարինը: Դրական էներգիայով, աշխույժ, պոզիտիվ ստեղծագործություն է: Փորձերի ժամանակ արդեն տեսանք, որ այն հանդիսատեսին միանգամից գրավում է»:

Իսկ ահա Սյուզաննա Մելքոնյանը կկատարի «Навсегда» երգը, որը գրվել է հատուկ Սյուզաննայի համար: Այս ստեղծագործությունը ևս ռիթմիկ է ու նպատակ ունի հանդիսատեսին տաքացնելու, լիցքաթափելու: 

Հաջողություն մաղթենք մեր երկու գեղեցկուհիներին ու սպասենք հաղթանակի, որն իսկապես շոշափելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել