Ինչպես հիշում է ընթերցողը, վարչապետ դառնալուց հետո Կարեն Կարապետյանը խոսեց Հայաստանում միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին, մի քանի ամիս առաջ բացվեց «Հայաստանի ներդրողների ակումբը», որտեղ հիմնականում ընդգրկված էին Ռուսաստանի՝ ազգությամբ հայ բիզնես շրջանակները՝ «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, որոնք պետք է ներդրումներ անեին Հայաստանի տնտեսությունում։ Ինչպես գիտեք, նույն վարչապետը խոսել էր միայն այս տարի շուրջ 800 միլիոն ներդրումներ անելու պատրաստակամության մասին։ Տարին համարյա ավարտվում է, սակայն ԱԺ-ում կառավարության վերջնական եզրակացությունների արդյունքում կոնկրետ նշված չէ, թե, օրինակ, ներդրումները կոնկրետ որտեղ են արվել։ Ենթադրենք՝ նշված է 50 միլիոն ներդրումի վերաբերյալ դրույթ, սակայն նշված չէ, թե կոնկերտ որ ոլորտում ու ինչ պայմաններով։ Այսինքն՝ ստացվում է՝ միայն թղթի վրա։ Ավելին՝ համայնքային և տեղական ինքնակառավարման մարմիններից հավաքագրվող գումարները ներդումների մեջ դնելը կառավարությունը համարում է բեկում տնտեսության մեջ։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ է տեղի ունենում... Դիցուք՝ մեզնից՝ սովորական շարքային հարկատուներից, հավաքագրվող գումարները կարող են այդ միլիոնավոր դոլարների տակ ներկայացվել որպես ներդում, ինչը, մեղմ ասած, ծիծաղ առաջացնող երևույթ է։ Սա կա՛մ ձեռառնոցի է, կա՛մ Հայաստանի կառավարությունը պարզապես տապալվում է սեփական նախաձեռնությունների պատճառով։ Կոնկրետ մինչ այս պահը նշվում է շուրջ 370 միլիոն ներդրումների մասին, սակայն դե ֆակտո Կարապետյանի վարչապետության ընթացքում Հայաստանում միայն մի անգամ, այն էլ՝ դեռևս քննարկման փուլում գտնվող հէկի մասին խոսակցություններ են ընթացել, որը, ի դեպ, եթե կառուցվի էլ, ստեղծելու է մաքսիմում 20 աշխատատեղ։ Սա, իհարկե, բավարար չէ, էլ չասած, որ մյուսների մասին պարզապես տեղեկություններ չկան։ Եթե սա նկատի ուներ կառավարությունը ներդրումային միջավայր ստեղծելու մասին, ապա, մեղմ ասած, մինչ այս պահն այն ակնհայտ ձախողվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել