Եվ այսպես՝ ՀՀ կառավարությունը ներկայացրել է հաշվետվություն, ըստ որի՝ մենք կարող ենք ամփոփել Հայաստանում տնտեսական վիճակն արդեն պաշտոնական թվերով։ Նախօրոք ասենք, որ տնտեսության լավ ու վատ լինելը, մակրոտնտեական աճը միանգամից չի արտացոլվում քաղաքացիների կենսամակարդակի վրա դրական իմաստով, այնպես որ, դեռ վաղ է խոսել հաջողության մասին, սակայն, այնուամենայնիվ, որոշակի դրական տեղաշարժ մի շարք ոլորտներում առկա է ու սրա դեմ արգումենտներ դեռևս չեն բերել ՀՀԿ-ի ընդդիմախոսները։ Եվ այսպես՝ ըստ եզրակացության՝ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ կիսամյակի համեմատ աճել են 6.2 տոկոսով։ Սա իրականությանը մոտ է։ Միգուցե այն ապրանքների քանակը, որը նշվում է, շատ չի արտադրվել, սակայն շուկայում տեղի ունեցող գնային տատանումների արդյունքում տվյալ ապրանքի գինն աճել է։ Հանքարդյունաբերության ոլորտում 9.1 տոկոս աճ է արձանագրվել, առևտուրն աճել է 12.2 տոկոսով, իսկ խմիչքների ոլորտն, առհասարակ, 31.6 տոկոս։ Արտահանման արդյունքում Հայաստանի տնտեսությունը շահել է 21.6 տոկոսով, ու այս պարագայում արդեն պետք է նշենք, որ հայկական արտահանումը հիմնականում իրացվում է ԵԱՏՄ շրջանակներում, որի մաս է կազմում նաև Հայաստանը։ Պառլամենտում հիմա ակտիվ քննարկվում, իսկ որոշ ժամանակ հետո նաև քվեարկության է դրվելու Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ԵԼՔ խմբակցության առաջարկած նախագիծը։ Այս ֆոնին Հանրապետականները պաշտոնական թվերով խոսելու արդյունքում կարող են բավականին ծանրակշիռ արգումենտներ բերել իրենց ընդդիմախոսներին։ Ներմուծման ոլորտում էլ թվերը նախորդ կիսամյակի համեմատ դրական են՝ 28.5 տոկոս։ Անշուշտ, այնպես չէ, որ սա բավարար է խոսելու տնտեսության աշխուժացման մասին, սակայն դրական միտումների մասին չնշելը նույնպես սխալ կլինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել